ՀՔԾ-ն՝ «Օրինաց Երկիր» կուսնակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածուի մասին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Լ. Մ.-ն  խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև նրանց` որպես քաղաքացու, ընտրական իրավունքի ազատ  իրականացմանը:

Ըստ մեղադրանքի` Լ. Մ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 16-ին «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական շտաբում հանդիպել է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ Լ. Ջ.-ին ու Է. Ջ.-ին և նրանցից պահանջել հանձնաժողովի անդամի համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վճարվող 55.000 ՀՀ դրամ աշխատավարձի դիմաց 10-ական ձայն ապահովել նշված կուսակցության օգտին, հակառակ դեպքում՝ հայտնել ինքնաբացարկներ: Լ. Ջ.-ն ու Է. Ջ.-ն

ներկայացրել են ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ գրավոր դիմումներ ու հեռացել նախընտրական շտաբից:

Այնուհետև, կատարվածի վերաբերյալ իրենց դժգոհությունները «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը հայտնելուց հետո, Լ. Ջ.-ն ու Է. Ջ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 18-ին ԿԸՀ-ից տեղեկացել են, որ վերականգնվել են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ և կարող են կրկին իրականացնել իրենց լիազորությունները:

Լ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել