ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հատուկ կարծիք է հայտնել վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը: Վերջինս գտնում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ինչպես նաև մեղադրյալի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Հովհաննես Խուդոյանի և Արամ Օրբելյանի նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ բողոքների վարույթը անհրաժեշտ է կասեցնել և սահմանադրականության հարցը որոշելու համար դիմել ՍԴ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ վճռաբեկ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ կողմերի ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշումը։
Վճռաբեկ ատյանը դատախազության կողմից ներկայացված բողոքը բավարարվեց մասնակի, Իսկ Քոչարյանի պաշտպանների միջնորդություններն ամբողջությամբ մերժվեցին: Վերաքննիչ ատյանի որոշումը բեկանվել է և ուղարկվել նոր քննության վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, իսկ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել: Այս որոշումը բողոքարկել էր թե գլխավոր դատախազությունը, թե պաշտպանական կողմը:
Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: