ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը մասնակցել է փաստաբանների միջազգային համաժողովին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովին, որը կազմակերպել էին Վրաստանի փաստաբանների միությունը, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Եվրոպայի փաստաբանների միությունը:

Համաժողովն անցկացվում էր «Փաստաբանի մասնագիտության բացառիկությունը» խորագրով:

Պատվիրակության կազմում էին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, խորհրդի անդամներ՝ Սիմոն Բաբայանը, Սեդրակ Ասատրյանը և Տիգրան Խուրշուդյանը: Համաժողովին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Թուրքիայի, փաստաբանական միությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Փաստաբանների Եվրոպական ասոցիացիայի նախագահ Մարիա Սլազակը:

Համաժողովին շոշափվել են փաստաբանական ինստիտուտի վերաբերող մի շարք կարևորագույն  հարցեր: Մասնավորապես՝

    • փաստաբանի մասնագիտության բացառիկությունը.
    • իրավաբանական ծառայությունների պաշտպանությունը.
    • փաստաբանի մասնագիտություն մուտք գործելու եվրոպական ստանդարտները և առաջատար փորձը.
    • փաստաբանական միությունների և անհատ փաստաբանների դերը անվճար իրավաբանական ծառայությունների ապահովման գործընթացում.
    • փաստաբանի մասնագիտության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի ստեղծման տեսլականը:

01Նշված հարցերի շրջանակներում հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի փորձը: Հերթական անգամ հատուկ ուշադրության է արժանացել փաստաբանի մասնագիտություն մուտք գործելու հայաստանյան ընթացակարգերը և Փաստաբանական դպրոցի գործունեությունը: Այս մասով քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև  փորձի փոխանակման հնարավորությունը:

Համաժողովի առանցքային հարցն է հանդիսացել փաստաբանի մասնագիտության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի ստեղծման հեռանկարը:

Միջազգային մի շարք հեղինակավոր փորձագետների կողմից ներկայացվել է փաստաբանի մասնագիտության կոնվենցիոն կարգավորման անհրաժեշտությունը: Զուգահեռներ են անցկացվել այլ մասնագիտությունների հետ, որոնք ունեն համապատասխան կարգավորում:

Քննարկումների արդյունքում, համաժողովի ավարտին մասնակիցների միաձայն որոշմամբ ընդունվել է միասնական դիմում-հայտարարություն՝ Փաստաբանի մասնագիտության վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի ստեղծմանն օժանդակելու մասին:

Փաստաբանների համաժողովում ընդունվել են նաև հետևյալ հայտարարությունները՝

  • «Պետությունը իր քաղաքացիներին պարտավոր է ապահովել արդարադատության մատչելիությամբ՝ երաշխավորելով, որ բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն ֆինանսական դժվարություններ պետք է հնարավորություն ունենան փաստաբանի միջոցով ստանալու պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցչություն:

            Այսպիսով․

  1. փաստաբանների պալատը պետք է աջակցի կառավարության կողմից իրավաբանական օգնության ծրագրերի ընդլայնմանը
  2. փաստաբանների պալատի կողմից պետք է մշակվեն անվճար իրավաբանական օգնության (pro bono) տրամադրման ձևաչափեր.
  3. փաստաբանների պալատը պետք է կառավարությունում հանդես գա անվճար իրավաբանական ծառայություն մատուցած փաստաբանին փոխհատուցում տրամադրելու նախաձեռնությամբ (օր․ հարկային բեռի թեթևացում):
  • Վստահորդի լավագույն շահը պահանջում է, որ իրավաբանական օգնությունը տրամադրվի փաստաբանների միջոցով, որովհետև՝

        1․          փաստաբանների անկախությունը,  մասնագիտական կոնֆիդենցիալությունն (փաստաբանական գաղտնիքը) երաշխավորվում է օրենքով,

        2․         փաստաբաններն ունեն մասնագիտական կրթություն և անցնում են պարբերական վերապատրաստումներ,

        3․         փաստաբանները գործում են վարքագծի կանոնագրքի համաձայն, որը վերահսկվում է փաստաբանների պալատի կողմից: Վերջինս կարող է կիրառել կարգապահական տույժեր, եթե փաստաբանների կողմից խախտվում են փաստաբանի վարքագծի կանոնագրքի դրույթները,

        4․         փաստաբանների մասնագիտական գործունեության պատասխանատվությունը, որպես կանոն երաշխավորվում է:

01

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել