Տարածված տեղեկատվությունը, թե Սահմանադրական դատարանը Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխված դրույթները ճանաչել է սահմանադրությանը հակասող, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում են ՍԴ աշխատակազմից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հանրապետության նախագահի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում:
Սահմանադրական դատարանը տեղեկացնում է նաև, որ սույն գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որում նշում էր. «Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, 2018 թվականի հունիսի 6-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների՝ Սահմանադրական դատարանի թեկնածուի առաջադրման ու ընտրության կարգավորումը նախատեսող որոշ հոդվածների` Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Թեև 1995 թվականից ի վեր Հանրապետության նախագահն օժտված է եղել oրենքի սահմանադրականության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու լիազորությամբ, սակայն գործնականում այս լիազորությունն առաջին անգամ իրացվեց հունիսի 6-ին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից՝ դրանով իսկ ներմուծելով որակապես նոր իրավական մշակույթ:
Սահմանադրական դատարանը 2018 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1434 որոշմամբ վերոնշյալ օրենքների` Հանրապետության նախագահի ներկայացված դիմումում նշված դրույթները ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող նորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել է 2019 թվականի ապրիլի 1-ը՝ Ազգային ժողովին հնարավորություն տալով սահմանադրական օրենքների խնդրահարույց իրավակարգավորումները համապատասխանեցնելու Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի թեկնածուի առաջադրման ժամկետների խնդրին` Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ արտահայտած դիրքորոշմամբ համաձայնել է Հանրապետության նախագահի հիմնական հարցադրումների հետ՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ժամկետ սահմանելիս օրենսդրի կողմից պետք է ամրագրվի թեկնածուների առաջադրման ողջամիտ ժամկետ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման սահմանադրական լիազորության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով»: