Հարկային չարաշահումներ՝ «Յանս» ռեստորանային համալիրում. պատճառված վնասը կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների  դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել` առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ, հայտնում են ՔԿ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարվել են ներքին ստուգումներ, որի արդյունքում իրավապահ մարմիններին են ուղարկվել ֆինանսական չարաշահումների վերաբերյալ նյութեր՝ առերևույթ թույլ տրված ընկերության հաշվապահի և մենեջերի կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել է  քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում։

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ, որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։

Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ ՀՎՍՎ թիվ 1 բաժնում հաշվառված «Սելենա» ՍՊ ընկերությունը Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 76 (74) հասցեում իրականացրել է շահույթ հետապնդող առևտրային գործունեություն, այն է՝ նշված հասցեում գործող «Յանս» համալիրում իրականացրել է հանրային սննդի գործունեություն, որը ներառել է ռեստորան, երաժշտական ակումբ և սեզոնային բացօթյա սրճարան, որոնց փաստացի սպասարկման սրահ հանդիսացող տարածքների մակերեսը 2013 թվականից գերազանցել է 600 քառակուսի մետրը:

Քննության տվյալներով՝ օրենքով սահմանված կարգով պետական բյուջե վճարվող առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, ՍՊ ընկերությունն ընդհանուր հարկման դաշտում գործելու փոխարեն, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 4-րդ կետի 1.1 ենթակետի /գործել է մինչև 01.01.2018թ./ համապատասխան չհանդիսանալով որպես արտոնագրային վճար վճարող, իրականում գործել է որպես արտոնագրային հարկ վճարող։ 2014թ. ապրիլ ամսից մինչև 2018թ. մայիս ամիսը ներառյալ ընկերության կողմից հանրային սննդի սպասարկման մակերեսի վերաբերյալ  հարկային մարմին ներկայացվել են սխալ տվյալներ, այն է՝ ավելի քիչ քառակուսի մետրի վերաբերյալ արտոնագրային վճար վճարող հանդիսանալու մասին հայտարարություններ ու, խախտելով հարկային օրենսդրության պահանջները, 2014թ-ի շահութահարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում 2015-2017 թթ, համար շահութահարկի հաշվարկ չներկայացնելու, 2014-2018թթ. համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում  2014թ. հունվար ամսից մինչ 2018թ. մայիս ամիսը ներառյալ ԱԱՀ-ի ամսական հաշվարկներ և 2015-2018թթ. ԱԱՀ-ի տարեկան հաշվարկներ չներկայացնելու միջոցով խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները կատարելուց։ Նախնական հաշվարկներով՝ պետությանը պատճառվել է  1.163.516.352   ՀՀ դրամի վնաս:

Քրեական գործով ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա՝ այսօր հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների  դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ավելի վաղ տվյալներ էին ձեռք բերվել առերևույթ հանցավոր այլ դրսևորման վերաբերյալ եւս։ Մասնավորապես՝ «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում կատարված խուզարկությունների  արդյունքում, ի թիվս այլ թանկարժեք իրերի, հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար՝ 1.110.400 ԱՄՆ դոլար, 35.000.000 ՀՀ դրամ, 230.500 եվրո, ինչը ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը։

Նկատի ունենալով, որ Ռ.Բեգլարյանի ամուսինը՝ Վ.Ղազարյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի, 2008 թվականի հունիսի 19-ից մինչև 2018թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն ինչպես Վ.Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ.Բեգլարյանի հայտարարագրերում բացակայել են նշումներ՝ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ, և ձեռք բերված տվյալների հիման վրա՝ Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԵ քննիչի որոշմամբ հարուցվել էր  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով և 314.3 հոդվածի 2-րդ մասով, որը,  ըստ քննչական ենթակայության, ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով պարզված փաստական տվյալների և ապացույցների համակցությամբ կայացնող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել