Այսօր՝ նոյեմբերի 8-ին, կառավարությունը որոշում կընդունի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին։
Որոշման համաձայն, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի 7.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում «Մաշտոցի 47» բառերը փոխարինել «Բաղրամյան 26» բառերով:
Այսինքն, Հանրապետության նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26, որտեղ եղել է նախկինում։
Իսկ վարչապետի նստավայրը, որն այժմ Բաղրամյան 26-ում է, ամբողջապես կտեղափոխվի Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե։ Այստեղ նաև անց են կացվում կառավարության նիստերը։
Նախագծով սահմանվում է նաև, որ Հանրապետության նախագահի նստավայրի արարողակարգային նշանակության դահլիճներից կարող է օգտվել նաև վարչապետը: Ընդ որում՝ միաժամանակ Հանրապետության նախագահի կամ վարչապետի կողմից այդ դահլիճներից որևէ մեկն օգտագործելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ տվյալ դահլիճից վարչապետն օգտվում է առաջնահերթության կարգով:
Նշենք, որ օրենքն ուժի մեջ է կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: