Կսահմանվի քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, կառավարության նիստի ժամանակ գործադրի որոշմամբ կսահմանվի Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը։

Գործադիրի անդամներին հարցը կներկայացնի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կարգավորել՝

  • քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման ընթացակարգին վերաբերող հարցերը,
  • այն առանձնահատկությունները, որոնք առնչվում են քաղաքացիական ծառայողի գործուղմանը,
  • տեղային (միևնույն համայնքում) գործուղմանը վերաբերող հարցերը,
  • գործուղման ծախսերի հատուցման որոշակի առանձնահատկությունները:

Կարգին ամբողջապես ծանոթացեք ստորև․

  1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական ծառայողների ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը:
  2. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղում է համարվում քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համապատասխան իրավական ակտի հիման վրա քաղաքացիական ծառայողի մշտական ծառայողական վայրից որոշակի ժամկետով այլ վայր մեկնելը՝ ծառայողական որոշակի պարտականություններ կատարելու համար:
  3. Գլխավոր քարտուղարի ծառայողական գործուղման որոշումը կայացնում է համապատասխան մարմնի ղեկավարը:
  4. Քաղաքացիական ծառայողը ծառայողական գործուղման է մեկնում համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղվող քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, գործուղման վայրը, համապատասխան մարմինը կամ կազմակերպությունը (առկայության դեպքում), գործուղման նպատակը և ժամկետները, սույն կարգի 10-րդ կետով նախատեսված ծախսերի շրջանակը, ինչպես նաև գործուղման ֆինանսավորման աղբյուրը և ձևը (ամբողջությամբ կամ մասամբ): Անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (համաձայն N 1 ձևի) ՝ բացառությամբ օտարերկրյա գործուղումների: Գործուղման վկայականը կազմում և քաղաքացիական ծառայողին է հանձնում անձնակազմի կառավարման ստորաբաժանումը:
  5. Գործուղման վկայականում նշվում է ծառայության մշտական վայրից մեկնելու, գործուղման վայր ժամանելու, գործուղման վայրից մեկնելու և ծառայության մշտական վայր վերադառնալու օրերը: Եթե քաղաքացիական ծառայողը գործուղվում է տարբեր` մեկից ավելի վայրեր (տարածքային մարմիններ և այլն), ապա գործուղման վկայականում նշվում են յուրաքաչյուր վայր ժամանելու և այդ վայրից մեկնելու օրերը:
  6. Ծառայողական գործուղման վկայականում քաղաքացիական ծառայողի գործուղման մեկնելու և վերադառնալու մասին նշումները հաստատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձի ստորագրությամբ: Գործուղման վայր ժամանելու և գործուղման վայրից մեկնելու մասին նշումները հաստատվում են համապատասխան մարմնի կամ կազմակերպության անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարի կողմից, այդպիսի ստորաբաժանման բացակայության դեպքում՝ մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կողմից:
  7. Ծառայողական գործուղման մեջ գտնվող քաղաքացիական ծառայողի վրա տարածվում է այն պետական մարմնի, գրասենյակի, կազմակերպության աշխատաժամանակի ռեժիմը, ուր նա գործուղվել է:
  8. Գործուղման մեկնած քաղաքացիական ծառայողներին երաշխավորվում է նրանց պաշտոնի և աշխատավարձի պահպանումը գործուղման ամբողջ ժամանակահատվածում։
  9. Եթե քաղաքացիական ծառայողի գործուղման ժամանակահատվածը ընդգրկում է հանգստյան կամ տոնական օրեր, ապա այդ օրերի համար քաղաքացիական ծառայողը Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով վարձատրվում է, եթե այդ օրերին համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտի համաձայն կատարել է գործուղման նպատակից բխող աշխատանքներ կամ գործուղման երկրում այդ օրը տոնական օր չի համարվում:
  10. Գործուղվող քաղաքացիական ծառայողին վճարվում է օրապահիկ և հատուցվում են գիշերավարձի ծախսերը՝ գործուղման վայր (քաղաք, գյուղ) մեկնելու և գործուղման վայրից մշտական ծառայության վայր (քաղաք, գյուղ) վերադառնալու ճանապարհածախսը՝ ներառյալ տրանսպորտային միջոցի (հասարակական տրանսպորտի՝ բացի տաքսիներից) երթևեկության արժեքի գումարները, գործուղման հետ կապված ապահովագրական ծախսերը, օտարերկրյա գործուղումների դեպքում ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ (ինքնաթիռի չվերթի, ուղևորագնացքի չվացուցակի փոփոխություն կամ այլ ֆորսմաժորային իրավիճակ) հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, ինչպես նաև գործուղման հետ կապված այլ անհրաժեշտ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
  11. Մշտական ծառայության վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում քաղաքացիական ծառայողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը: Մշտական ծառայության վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում քաղաքացիական ծառայողին հատուցվում են օրապահիկը և մշտական ծառայության վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:
  12. Գործուղվող քաղաքացիական ծառայողին չեն հատուցվում հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող քաղաքացիական ծառայողին վճարում է համապատասխան մարմինը:
  13. Գործուղվող քաղաքացիական ծառայողին գիշերավարձի ծախսերը հատուցվում են գործուղման վայր ժամանելու օրվանից մինչ գործուղման վայրից մեկնելու բոլոր օրերի համար: Գործուղման վայրից մեկնելու և ճանապարհին գտնվելու օրերի համար գիշերավարձի ծախսեր չեն վճարվում, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերի:
  14. Գործուղման մեջ գտնվող քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում, քաղաքացիական ծառայողը համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտի համաձայն, գործուղումից հետ է կանչվում: Քաղաքացիական ծառայողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, իսկ գործուղման չաշխատած օրերի համար վճարված գիշերավարձի և օրապահիկի գումարները հետ են գանձվում:
  15. Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողը կարող են գործուղվել միայն իրենց համաձայնությամբ:
  16. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկված քաղաքացիական ծառայողին հանձնաժողովի անդամի պարտականությունները կատարելու նպատակով այլ մարզ գործուղվելու դեպքում գործուղման ծախսերը հատուցում է այն պետական մարմինը, ուր գործուղվել է քաղաքացիական ծառայողը: Ընդ որում, տվյալ դեպքում քաղաքացիական ծառայողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղման վայր ներկայանալուց հետո, բայց ոչ ուշ քան գործուղման վերջին օրը:
  17. Քաղաքացիական ծառայողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ, բացառությամբ սույն կարգի 16-րդ և 20-րդ կետերով նախատեսված դեպքերի:
  18. Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուցհետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական ծառայողը պարտավոր է ներկայացնել հաշվետվություն գործուղման հետ կապված ծախսերի վերաբերյալ` կցելով գործուղման վկայականը և ծախսերը հիմնավորող փաստաթղթերը: Հրավիրող կողմի միջոցներից գործուղման ծախսերի ամբողջությամբ հատուցման դեպքում՝ քաղաքացիական ծառայողը գործուղման հետ կապված ծախսերի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացնում։
  19. Գործուղման համար քաղաքացիական ծառայողին տրված կանխավճարի չծախսված, ինչպես նաև ներկայացված հաշվետվությամբ չհիմնավորված գումարը ենթակա է վերադարձման։
  20. Միևնույն համայնքում քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղումը արձանագրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, որի դեպքում հատուցվում են միայն տրանսպորտային ծախսերը (բացառությամբ տաքսի ծառայության)՝ ըստ անհրաժեշտության, քաղաքացիական ծառայողի կողմից նման պահանջ ներկայացվելու դեպքում:
  21. Քաղաքացիական ծառայողի գործուղման ծախսերի հատուցումները կատարվում են Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմանը համապատասխան։
  22. Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուցհետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական ծառայողը գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում գործուղման անհատական իրավական ակտն ընդունող անձին՝ համաձայն N 2 ձևի։ Սույն կետում նշված հաշվետվության պատճենը հաշվետվությունը ներկայացնելու օրը քաղաքացիական ծառայողը ներկայացնում է իր անմիջական ղեկավարին, եթե քաղաքացիական ծառայողի գործուղման անհատական իրավական ակտն ընդունող անձը և նրա անմիջական ղեկավարը նույն անձը չէ:

Ձև N 1

Գ Ո Ր Ծ ՈՒ Ղ Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

___________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

___________________________________

 (զբաղեցրած պաշտոնը)

Գործուղվում է ________________________________________________

(գործուղման վայրը և/կամ կազմակերպությունը)

Հրաման N ______________________________ ____ ______________ 20  թ.

Գործուղման նպատակը ___________________________________________

Գործուղման ժամկետը ___________ oր մինչև ____ ___________________ 20  թ.

մեկնել է ______________________  ժամանել է _______________________

____ ______________ 20 թ. ____ ______________ 20  թ.

 

 

___________________________
(պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

 

 

___________________________
(պաշտոնատար անձի անունը, ազգանունը)
____________________ ____________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)

Ձև N 2

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Քաղաքացիական ծառայողի անունը,ազգանունը
  2. Զբաղեցրածպաշտոնը
  3. Գործուղմանվայրը և ժամկետները
  4. Հրավիրողկողմը (առկայության դեպքում)
  5. Գործուղման նպատակը (աշխատանքային ո՞ր խնդրի լուծման համար էր նախատեսված գործուղումը)
  6. Քննարկված թեմաները/հարցերը
  7. Հանդիպումները, ելույթները
  8. Հանդիպումների ժամանակ ընդունված որոշումները, պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը
  9. Առաջարկությունները, դրանց ընթացք տալու վերաբերյալ առաջարկները՝ եղանակը, ձևը, ժամկետները, պատասխանատուները, ակնկալվող արդյունքները

Գործուղվող————————————————————————————-

                                 (ստորագրությունը, ամսաթիվը)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել