Նոյեմբերի 7-ին Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում ողբերգական ավտովթարի ժամանակ ՊՆ-ի КамАз մակնիշի ավտոմեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը թափքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում: Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է: Հարգելիներս, դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե կան մեղավորներ ապա անպայման խստորեն կպատժվեն: ՀՀ ԶՈւ-երը իրականացնում են ինտենսիվ մարտական պատրաստություն և զորվարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում ցավոք երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից:
Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հարազատներին»,-նշել է նա:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր ողբերգական ավտովթարից զոհված 4 ժամկետային զինծառայողների անունները: Նշվել էր նաև, որ վիրավորները տեղափոխվում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: