Նոյեմբերի 6-ին պետական վերահսկողական ծառայությունը վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացրել «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում և հայտնաբերել է Մխչյանի առաջին հերթի մղման խողովակաշարի վրա 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը:
Հայտնաբերված խողովակաշարերով նախնական հաշվարկով ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։
ՊՎԾ-ի հայտնած տեղեկության համաձայն՝ «Արտաշատ Վինկոմ» ՍՊԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:
Իրավաբան.net-ը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից փորձեց ճշտել, թե մարզի տարածքում ի՞նչ սեփականություններ ունի նախկին վարչապետը և արդյո՞ք դրանք նշված են նրա ներկայացրած հայտարարագրերում:
«Հստակ թվեր ֆիքսված չեն կարող լինել, քանի որ, եթե կա խոսակցություն, որ այսինչ գույքը պատկանում է Հովիկ Աբրահամյանին, ապա այն կարող է գրանցված լինել մեկ այլ անձի անունով: Հստակ չենք կարող Ձեզ ասել, թե ինչ չափերի է հասնում նրա գույքը և հողերի ծավալը»,- նշեց Գարիկ Սարգսյանը:
Մարզպետը նշեց, որ դեռ անհրաժեշտ է պարզել՝ Հովիկ Աբրահամյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ:
«Հանձնաժողովը պետք է շատ աչալուրջ լինի, ոչ միայն մարդկանց ներկայացրած հայտարարագրով, այլ նաև պարզի՝ այդ մարդկանց գույքը իրականում ում անունով է գրանցված, նրանց զոքանչի՞, թե բաջանաղի անունով: Հայտարարագիր ներկայացնողն էլ պետք է այդ հարցերին պատասխանի»,- նշեց Գարիկ Սարգսյանը: