Բուհերի մեդիամոնիթորինգ է անցկացվել․ ի՞նչ արդյունքներ են գրանցվել

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադևոսյանն այսօր ներկայացրել են «Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա համար: Ուսումնասիրությունն իրականացվել է Մեդիամաքսին պատկանող ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման MaxMonitor համակարգի միջոցով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով:

Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարությունից։

Նախաձեռնությունը նպատակ ունի ներկայացնել, թե բուհերին առնչվող որ հրապարակումներն են հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում եւ ինչպիսի երանգավորում են ունենում:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է բուհերի կողմից իրենց ստեղծած պրոդուկտները հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելու հարցը: «Կրթության և գիտության լուսաբանման ծավալներն ավելացնելու գործում մենք անելիք ունենք թե կրթության ոլորտի պատասխանատուների եւ թե բուհերի հասարակայնության հետ կապերի պատասխանատուների միջոցով: Մենք սկսեցինք գործիքներ մշակել հասկանալու համար, թե ինչպես բարձրացնենք լրատվամիջոցներում գիտությանը և կրթությանը վերաբերող թեմաների լուսաբանման հաճախականությունը: Համապատասխան գործիքներ մշակեցինք, սկսեցինք դրանք կատարելագործել և հենց այդ ժամանակ Մեդիամաքսիցստացանք առաջարկ՝ մոնիթորինգի ենթարկելու և վերլուծելու բուհերի գործունեությունը մամուլում»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Նրա կարծիքով, այս գործիքը հնարավորություն կտա բուհերին փոխել իրենց շեշտադրումներն ու ավելի մեծ ուշադրություն դարձնել այն թեմաներին, որոնք քիչ են լուսաբանվում, ինչպես նաեւ այն թեմաներին, որոնք խնդրահարույց են:

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը նշել է, որ նախագծի շրջանակներում մոնիթորինգի են ենթարկվում 40 լրատվական կայքեր:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում լրատվական կայքերում ամենաշատ հրապարակումներն ունեցել են

  • Երևանի պետական բժշկական համալսարանը՝ 267 հիշատակում,
  • Երևանի պետական համալսարանը՝ 177 հիշատակում,
  • Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ 48 հիշատակում:

Ամենաքիչ հրապարակումներն ունեցել են

  • Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը՝ 1 հիշատակում,
  • Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան՝ 1 հիշատակում,
  • Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ 2 հիշատակում:

Հաշվետու ժամանակահատվածում բացասական երանգավորմամբ հիշատակումներով առաջատար են եղել

  • Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը՝ 30 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 78.9%-ը),
  • Հայաստանի պետական ագրարային համալսարանը՝ 31 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 77.5%-ը),
  • Երեւանի պետական համալսարանը՝ 39 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 22%-ը):

ԵՊՀ-ի և Ագրարային համալսարանի դեպքում բացասական հրապարակումները գոյացել են ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի այն հայտարարություններից, որ բուհերում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ եւ չարաշահումներ:

Արայիկ Հարությունյանն ասել է, որ նախարարության համար կարևոր է տեսնել, թե որքանով են բուհերը նախաձեռնող և ինչ աշխատանք են տանում լրատվամիջոցների հետ:

«Ցավոք, բուհերի մասին շատ հրապարակումներ հիմնականում կապված են որոշակի սկանդալային իրադարձությունների հետ: Ցանկալի կլիներ, որ այս տրամաբանությունը փոխվեր»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել