Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկետմբերի 29-ին որոշում է ստորագրել, որի համաձայն ինքնակամ կառուցված երկհարկանի քարե շենքը կքանդվի։
Որոշման մեջ նշվում է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի, Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, նույն հասցեի հողամասի սեփականատեր «Անի-97» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Դ․Ահարոնյանը նախաձեռնել է երկու հարկանի քարե շինության կառուցման շինարարական աշխատանքներ, որը դեռևս անավարտ է:
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում, վարչական մարմինը հաստատված է համարել այն, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատկազմի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Գյուրջյան փողոցի համար 1/3 հասցեի հողամասում, հայտնաբերվել է առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և թույլտվության, «Անի-97» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 972քմ և վարձակալության իրավունքով տրված 160քմ ընդհանուր մակերեսով հողամասի սահմաններում՝ երկու հարկանի քարե շինության կառուցման անօրինական աշխատանքներ իրականացնելու դեպք:
Նշված հողամասի նպատակային նշանակությունը սահմանված է բնակավայրերի կառուցման հողամաս, իսկ գործառնական նշանակությունը՝ որպես հասարակական կառուցապատման (գրանցման իրավունքի տեսակը՝ սեփականություն և վարձակալություն): Նշված իրավախախտման փաստի առնչությամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջների շրջանակում, 16.10.2018թ. կազմվել է հ.028391 արձանագրությունը և նույն օրենսգրքի 256-րդ հոդվածի պահանջների շրջանակում այն ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին՝ նշված վարչական գործը քննելու նպատակով:
Առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, շարունակվել են Գյուրջյան փողոցի համար 1/3 հասցեում շինարարական աշխատանքները: Անօրինական շինարարական աշխատանքները կանխարգելելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերհսկողության վարչության կողմից հարուցվել է համապատասխան վարչական վարույթ, որի շրջանակներում 17.10.2018թ. հ.19/22035 գրավոր ծանուցմամբ առաջարկվել է «Անի-97» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Դ․Ահարոնյանին՝ 5-օրյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Ինքնակամ կառույցը քանդելու համար:
Ծանուցագիրը ստանալուց հետո՝ առաջարկվող ժամկետում, որևէ քայլ չի ձեռնարկվել ծանուցմամբ ներկայացված հիշյալ պահանջներն ապահովելու ուղղությամբ:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա են քանդման, իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցի պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Որոշման մեջ ասվում է նաև, որ նշված ժամկետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ։ Ինքնակամ կառուցված շինության քանդման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից։
Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Հավելենք, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին: