Կրակոցներ` Երևանում. կա բերման ենթարկված

Նոյեմբերի 5-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնեց, որ Տիգրանյան 19 շենքի բակից 4-5 կրակոցի և վիճաբանության ձայներ են լսվել:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կեսգիշերն անց՝ ժամը 00.10-ին, բժշկական կենտրոններից մեկից հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Սուրեն Թ.-ն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնից բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբ: Ըստ տուժածի հարազատի հայտարարության, երիտասարդը վնասվածքը ստացել էր շենքի բակում:
Շուտով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրանյան փողոցի 21 շենքի բակում էին: Դեպքի վայրից հայտնաբերվեց տարբեր տրամաչափի 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր:
Նշանակվեցին դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվածի հանգամանքները պարզելու, հրազեն գործադրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով ստուգվեց կասկածյալների շրջանակը: Կա բերման ենթարկված անձ:
Քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել