Երևանին նվիրած բարեկարգված այգու շինարարական աշխատանքները կերկարաձգվեն․ ավագանին որոշում կընդունի

Երևանի ավագանին նոյեմբերի 13-ին որոշում կընդունի «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի Երևանին նվիրած բարեկարգված այգու  շինարարական աշխատանքները երկարաձգելու համար։

Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված՝ «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի՝ Երևան քաղաքի Ա.Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ.Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգու բարեկարգման նպատակով իրականացվելիք շինարարական, այդ թվում՝ շատրվանների կառուցման աշխատանքների արդյունքը Երևան համայնքին նվիրաբերելու առաջարկին հավանություն է տրվել Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.98-Ա որոշմամբ:

Երևան համայնքի և «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջև նվիրաբերության պայմանագիր կնքվել է 2017 թվականի դեկտեմբերի 26-ին։

Նշված որոշման 2-րդ կետով նախատեսվել է «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի հետ կնքվելիք նվիրաբերության պայմանագրի պայմանները, որոնցից մեկով նախատեսվել է, որ շինարարական և բարեկարգման աշխատանքները «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվում է իրականացնել մինչև 2018 թվականի սեպտեմբերի 25-ը:

Այգում կատարվելիք աշխատանքները պայմանավորված են մի շարք երկրներից ապրանքների մատակարարման և ներմուծման հետ, և քանի որ այգու բարեկարգման և հիմնանորոգման ծրագիրը ճանաչվել է բարեգործական, որը հնարավորություն է տալիս օգտվելու հարկային արտոնություններից, Հիմնադրամի կողմից ստացված բեռները նշված ծրագրի շրջանակներում բարեգործական ճանաչելու նպատակով վերջինիս դիմել է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:

Որոշման նախագծում նշվում է, որ խնդիրներ են առաջացել շատրվանների տեղադրման հետ կապված, քանի որ աշխատանքների կատարումը ստանձնեած ռուսական «ՎՈԴԱԼՅՈՒՔՍ» ընկերությունը՝ հիմք ընդունելով շատրվանների միացման տեխնիկական կանոնակարգը, նպատակահարմար չի գտնում իրականացնել շատրվանների միացման աշխատանքները նոյեմբերից-մարտ ամիսների ընթացքում՝ հաշվի առնելով եղանակային պայմանները:

Այսպիսով, նախատեսված սեպտեմբերի 25-ի փոխարեն, այգու աշխատանքները կավարտվեն 2019 թվականի մայիսի 1-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել