Կայացավ «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կոալիցիայի հիմնադիր ժողովը

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի գրասենյակում կայացավ «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կոալիցիայի հիմնադիր ժողովը։

Ժողովին ներկա էին «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» կոնսորցիումի անդամ բոլոր 4 ՔՀԿ-ների ներկայացուցիչները:

Էներգախնայողության աջակցման հիմնադրամ ՀԿ նախագահ Աստղինե Պասոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, նա ներկայացրեց նաև մշակված և արդեն կոնսորցիումի ՔՀԿ-ների շրջանում շրջանառած հռչակագիրն ու կանոնակարգը, ինչպեսև դրանց նպատակները:

Նշենք, որ թե՛ հռչակագիրը, թե՛ կանոնակարգը բոլորի կողմից դրանք ընդունելի էին և ՔՀԿ–ների ղեկավարները ստորագրեցին փաստաթուղթը։

Հռչակագրի ընդունումից հետո քննարկվեց կոալիցիայի ընդլայնման, դրանում այլ ՔՀԿ-ների ընդգրկման վերաբերյալ հայտարարությունը: Որոշվեց, որ վերջինս կշրջանառվի, անհրաժեշտության դեպքում նաև մեկնաբանությունների ու առաջարկների հիման վրա փոփոխություններ կարվի, ինչից հետո միայն կշրջանառվի կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների կողմից ոլորտին առընչվող ՔՀԿ-ների շրջանում:

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև համապատասխան որակավորումներ ունեցող կանանց հրավիրելու, կրթելու և ծրագրով նախատեսված մշտադիտարկման գործում ներգրավելու հարցը:

Ժողովից հետո նախատեսված էր կազմակերպել Ուսուցանողների ուսուցում, որի ընթացքում 2 ՔՀԿ-ների ներկայացուցիչները պետք է ուսուցանվեին Հայաստանի Հանրապետությունում Կայուն էներգետիկ Զարգացման և Կլիմայի Գործողությունների Ծրագրերի Մշակման Ուղեցույցով, և առաջիկայում իրենք, արդեն իսկ հրավիրված կանաց, կկրթեն՝ մշտադիտարկման գործում ներգրավելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել