Տուգանվել է ավելի էժան ծառայություն մատուցելու համար

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրավիրված նիստում քննարկվել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժ կիրառելու և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի «Նախընտրելի» այլընտրանքային սակագնային փաթեթի բաժանորդային վճարի զեղչը հաստատելու մասին հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 29.08.2018թ. №335 Ա որոշմամբ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի «Նախընտրելի» այլընտրանքային սակագնային փաթեթի բաժանորդային վճարը սահմանվել է 1300 դրամ/ամիս (ներառյալ ԱԱՀ-ն)։ Սակայն, վերոնշյալ փաթեթը մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը բաժանորդներին (հաճախորդներին) առաջարկվել է 1100 դրամ/ամիս բաժանորդային վճարով, ասինքն՝ ընկերության կողմից, առանց կարգավորողի համաձայնությունը ստանալու, 200 դրամի չափով զեղչվել է նրա կողմից սահմանված սակագինը: ՀՀ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սակագնային կարգավորման ենթակա ծառայության սակագնի զեղչումը կարող էր կիրառվել միայն հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո, ինչը խախտվել է ընկերության կողմից։

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով հանձնաժողովը «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ:

Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությանը ենթարկել տույժի` 2 000 000 (երկու միլիոն) դրամ գումարի չափով և ընկերության առաջարկությամբ «Նախընտրելի» այլընտրանքային սակագնային փաթեթի զեղչված բաժանորդային վճարը սահմանել 1100 դրամ/ամիս (ներառյալ ԱԱՀ)՝ մինչև 2018թ․դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել