Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտումների 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայնեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը։
Նա նշեց, որ մասնավորապես, հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: Մաքսանենգները փորձել են Հայաստան ներկրել ավելի քան 4կգ «կոկաին», 2կգ «ափիոն», 4կգ «մարիխուանա», 3գր «մեթադոն», մոտ 0.5կգ «հերոին» տեսակի թմրանյութ, ինչպես նաև 6գր հաշիշ, հաշիշ յուղի պարունակությամբ 290 հատ էլեկտրոնային սիգարետ և թմրամիջոցի պարունակությամբ քաղցրավենիք: Հաշվետու ժամանակահատվածում կանխվել են նաև մոտ 8կգ «ափիոն» և ավելի քան 13կգ «մետամֆետամին» տեսակի թմրանյութերի արտահանման փորձեր:
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը հիմնականում հայտնաբերվել են փոստային առաքանիներում: ԱՄՆ-ից հիմնականում փորձ է արվել ներմուծել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ Եվրոպայից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր: Փոստային ծանրոցներում հայտնաբերվել է ավելի քան 22 կգ դեղորայք, որոնցից 3000 դեղահաբը՝ թմրանյութի և հոգեմետ նյութի պարունակությամբ:
Վարդան Վարդանյանը խոսք ուղեց բոլոր քաղաքացիներին՝ նշելով, փոստային առաքանիներով չի թույլատրվում տեղափոխել ոչ մի տեսակի դեղորայք՝ նրանց հորդորելով այդ մասին տեղեկացնել նաև արտերկրում բնակվող բարեկամներին:
Մանրամասները՝ տեսանյութում