Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել հասարակական խորհրդի անդամների հետ։
Հանդիպման ժամանակ պարզ է դարձել, որ համակարգի շուրջ 10 աշխատակից, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությունից, ցանկանում են դուրս գալ աշխատանքից։
Թե ինչու՞ են ոստիկանները ցանկանում դուրս գալ աշխատանքից, Իրավաբան.net-ը փորձեց ճշտել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից։ «Ոստիկանությունում մշտապես աշխատանքի ընդունվողներ, աշխատանքից ազատվողներ են լինում։ Դա եղել է ոստիկանության կազմավորման առաջին օրվանից սկսած»,- պատասխանեց նա։
Մեր այն հարցին, որ վերջին 1-2 ամիսներին ոստիկանության համակարգից դուրս եկող աշխատակիցների մասին լուրերն ավելի շատ են, արդյո՞ք կա նման վիճակագրություն, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց․ «Ոստիկանությունում պարբերաբար աշխատանքի ընդունվողներ, աշխատանքից ազատվողներ, թոշակի անցնողներ, պաշտոնի բարձրացումներ, իջեցումներ, մշտապես լինում են»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ոստիկանապետը հանդիպել էր համակարգից դուրս գալ ցանկացող ոստիկաններին, հարցրել պատճառներն ու շարժառիթները, ինչից հետո կայացրեց որոշումներ: