Հայկ Մարությանը՝ անկման վտանգ ներկայացնող չոր ծառերի և ապօրինի շինությունների մասին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորընտիր առաջին տեղակալին, քաղաքապետի տեղակալներին, Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանների նոր ղեկավարներին:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մայրաքաղաքի չորացած, անկման վտանգ ներկայացնող ծառերի խնդրին. առիթը օրեր առաջ Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում տեղի ունեցած պատահարն է: Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ ստեղծվում է մասնագիտացված հանձնաժողով, որն ուսումնասիրելու է մայրաքաղաքում գույքագրված և անկման վտանգ ներկայացնող 437 չոր ծառերը և ներկայացնելու է եզրակացություն, որի հիման վրա կկայացվի համապատասխան որոշում:

Մեկ անգամ ևս անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների խնդրին՝ Հայկ Մարությանը նշել է, որ այս հարցում մոտեցումը մեկն է. ապօրինի կառուցված շինությունները օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապամոնտաժվեն, իսկ շինարարության ընթացքում գտնվողները՝ կասեցվեն:

«Շատ կաևոր է, որ այս փուլում ոչ մի ապօրինի շինարարություն տեղի չունենա: Եթե կա մեկը, ով, անտեսելով Երևանի բնակիչներին, քաղաքային իշխանություններին և գործող օրենքները, դիմում է այդ քայլին և հետո նոր որոշում դիմել կառույցն օրինականացնելու համար, ապա մենք դա թույլ չենք տալու»,– նշել է Հայկ Մարությանը:

Աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետին զեկուցվել է, որ ավարտվել է Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցումն ու բարեկարգումը, և այն շահագործման կհանձնվի մոտ ժամանակներս:

Ընթացիկ ծրագրերի վրաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունը՝ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել