Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից գողություն կատարած անձանց ինքնությունը։
Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք Դ.Անհաղթ 8 հասցեում գործող խանութ սրահից գողացել են շուրջ 320.000 ՀՀ դրամ արժողության ալմաստե սկավառակներ՝ պատճառելով 320.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ 14.09.2018թ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Խանութ-սրահի տեսագրությունների զննությունից պարզվել է, որ օգոստոսի 31-ին ժամը 15:30-ից մինչև ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում սրահ են մտել երկու անձ մոտ 30-35 տարեկան և շրջել են խանութ սրահում, որից հետո ցուցափեղկի վրայից վերցրել են ընդհանուր թվով 32 հատ ալմաստե սկավառակներ և թաքցնելով տաբատների գոտկատեղի շրջանում հեռացել սրահից:Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են նրանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Քննչական կոմիտեի