Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակվել է «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշումների նախագծերը։
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավորն օգտվում է նաև հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:
Բացի այդ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության իրավունք, իսկ նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն օգտվում է հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Ընդ որում, դատավորների համար նման երաշխիքների վերաբերյալ կարգավորումներ օրենսդրությամբ ամրագրված չեն եղել:
Վերոհիշյալը վկայում է «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումների ընդունման անհրաժեշտության մասին:
Նախատեսվել է,
1) դատավորի պաշտոնավարման ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում դատավորին վճարվում է ապահովագրական միանվագ գումար, որի չափը հստակ սահմանվում է՝ ելնելով հաշմանդամության խմբից.
- առաջին խմբի հաշմանդամին՝ 1․000․000 դրամ.
- երկրորդ խմբի հաշմանդամին՝ 800․000 դրամ.
- երրորդ խմբի հաշմանդամին՝ 600․000 դրամ:
2) ամրագրվել է դժբախտ պատահարի հասկացությունը.
- դժբախտ պատահարն արտաքին, կարճաժամկետ (մինչև մի քանի ժամ), անկանխատեսելի, արտաքին գործոնների (ֆիզիկական, քիմիական, մեխանիկական) ազդեցությամբ և անկանխատեսելի պայմանների և հանգամանքների զուգադիպման հետևանքով դատավորի կամքից անկախ տեղի ունեցած իրադարձություն է (որի բնույթը, տեղի ունենալու ժամը և վայրը կարող են հստակ որոշվել), որի հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների կամ տոքսիկ ազդեցության հետևանքով վնաս է հասցվել դատավորի առողջությանը և նա ճանաչվել է հաշմանդամ:
3) սահմանվել է դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում դատավորին ապահովագրական միանվագ գումարի վճարման ընթացակարգը.
- Ապահովագրական գումարը տրամադրվում է դատավորի կողմից՝ համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդին կամ Սահմանադրական դատարանի նախագահին ուղղված դիմումի հիման վրա, որում նշվում է դժբախտ պատահարի համառոտ նկարագրությունը: Դիմումին կցվում են դատավորի հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի պատճենը, իսկ առկայության դեպքում` նաև դժբախտ պատահարի վերաբերյալ ապացույցներ:
- Ապահովագրական գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են դատավորի՝ հաշմանդամ ճանաչվելուց հետո վեց ամսվա ընթացքում:
- Ապահովագրական գումարի վճարումը դատավորին ապահովում են համապատասխանաբար Դատական դեպարտամենտը կամ Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ դատավորի կողմից դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:
4) նախատեսվել է, որ դատավորները հանդիսանում են սոցիալական փաթեթի շահառու: