«Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցել են նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների
պատասխանատուներ։

Նախորդ քննարկմամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախաձեռնության ներկայացուցիչները պետք է ուսումնասիրեին խնդրի լուծման համար առաջարկված հնարավոր 3 տարբերակները ( 1. որպես ներքին սպառման ապրանքներ դրանք ներմուծելու և ապա վերամշակելու, այսինքն՝ ղեկային տեղաբաշխումը փոխելու հնարավորությունը, 2. տրանզիտ (տարանցիկ) պետհամարանիշներով ներկրել և վաճառել երրորդ երկիր, 3. ներմուծել որպես պահեստամաս) և հանդես գային կոնկրետ առաջարկներով:

Նրանք ցանկանում են սահմանային անցակետում մեքենայի ղեկը վերասարքավորել ձախ, այդպես ներկրել Հայաստան, ստանալ պետական գրանցում, այսինքն` կատարել մաքսազերծում, այնուհետև ստանալ թույլտվություն, որպեսզի մեքենան վերասարքավորվի աջ ղեկային տեղաբաշխմամբ։

Նշվեց, որ այս դեպքում պետք է ՀՀ կառավարության կողմից կատարվի որոշակի իրավական ակտերի փոփոխություն։

Հնչեցին մի շարք այլ տեսակետներ ևս։

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ առաջիկա երկու օրերին խնդրին առնչվող բոլոր կողմերի հետ կքննարկվի ներկայացված առաջարկի նպատակահարմարությունը և կարվի համապատասխան հայտարարություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել