Մի հրապարակեք մարդկանց կորած փաստաթղթերը համացանցում

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է.

«Հաճախ սոցիալական ցանցերի շատ օգտատերեր իրենց էջերում կամ բաց խմբերում հրապարակում են մարդկանց կորած փաստաթղթերը (անձնագիր, նույնականացման քարտ, վարորդական վկայական և այլն)՝ դրանց տնօրինողներին գտնելու նպատակով՝ այդպիսով հանրայնացնելով մարդկանց կարևոր անձնական տվյալները: Ավելին՝ հրապարակման հեղինակները կոչ են անում նաև տարածել տվյալ հաղորդագրությունը՝ այդպիսով մարդկանց առավել մեծ շրջանակի համար հասանելի դարձնելով փաստաթղթերի տիրոջ անձնական տվյալները:

Հասկանալով նման արարքի դրական միտումը. այն է՝ օգնել մարդկանց գտնել իրենց կորած փաստաթղթերը, այնուամենայնիվ, կոչ ենք անում խուսափել նման եղանակով կորած փաստաթղթերը վերադարձնելուց, քանի որ այդպիսով համացանցում տարածվում են մարդու մասին այնպիսի և այնքան տվյալներ, որոնք թույլ են տալիս հեշտորեն նույնականացնել նրա անձը, տվյալներն օգտագործել ոչ իրավաչափ կամ անձի կյանքին միջամտելու նպատակներով (օրինակ՝ ինքնության գողության համար (identity theft, кража личности)):

Վերոնշյալ մտահոգությունը հաշվի առնելով՝ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս այլ անձանց փաստաթղթեր գտնելու դեպքում դրանք հանձնել համապատասխան պետական մարմիններին, որոնք առավել օպերատիվ և անձնական կյանք նվազ ներխուժող կերպով կկազմակերպեն դրանց վերադարձը հասցեատիրոջը: Օրինակ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ գտնելու դեպքում հանձնեք այն մոտակա ոստիկանական բաժանմունք, վարորդական իրավունքը՝ ճանապարհային ոստիկանություն և այլն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել