Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր։
Նախագծերով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը ձևակերպել այնպես, որ դրանից միարժեքորեն բխի՝ Հատուկ քննչական ծառայությանը ենթակա է միայն հատուկ սուբյեկտների՝ պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունը:
Ներկայացվող փոփոխությունը միտված է հստակեցնելու քննարկվող նորմի մեկնաբանությունը, ըստ այդմ, կոնկրետացնելու դրա կիրառության սահմանները: Բացի այդ նախագծերով առաջարկվում է նաև գլխավոր դատախազի կողմից Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով քրեական գործերի քննչական ենթակայությունը փոփոխել պատճառաբանված որոշման հիման վրա:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը սահմանում է. «Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի
- 149 (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը),
- 150 (Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը),
- 154՛ (Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ իրացնելը),
- 1542 (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը),
- 314.2 (Հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը),
- 314.3 (Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը),
- 310.1 (Ապօրինի հարստանալը) հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները»:
Նշված նորմում գործածվում է «կամ» շաղկապը, որն, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, հանդիսանում է դրանից առաջ և հետո նշված պայմաններն առանձնացնող արտահայտություն:
Մասնավորապես՝ նշված օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում՝
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով,(…):»:
Այս օրենքի մեկ այլ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից (հոդված 41): Այսպես, Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) քննիչները կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154՛, 1542, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով նախաքննությունը:
Այս նորմի տառացի մեկնաբանման արդյունքում ներկայումս Ծառայությունը քննում է ինչպես պաշտոնեական դիրքի հետ կապված, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից կատարվող, սակայն պաշտոնեական լիազորությունների կատարումից չբխող հանցագործություններ, որոնց բաժինը քննված ընդհանուր հանցագործությունների թվում այնքան էլ փոքր չէ:
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում Ծառայության քննիչիների կողմից քննված՝ անձի պաշտոնեական դիրքի հետ չկապված հանցագործությունների մասին գործերը կազմել են ընդհանուր գործերի շուրջ 20%-ը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ որպես անկախ, որևէ գերատեսչական շահով չկաշկանդված կառույցի ստեղծումը, պայմանավորված էր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների անաչառ, անկաշկանդ, անկողմնակալ, անկախ և արդյունավետ քննության անհրաժեշտությամբ:
Ի սկզբանե, երբ 2007 թվականին ստեղծվեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, պահանջ կար նաև ապահովելու պաշտոնեական դիրքի հետ չկապված հանցագործությունների քննության անկախությունն ու անկողմնակալությունը: Ուստի, այդ ժամանակ, Ծառայության քննիչների կողմից նմանատիպ գործերի քննությունը նպատակահարմար էր այն առումով, որ Ծառայությունը միակ մարմինն էր, որը չէր գտնվում որևէ կառույցի ենթակայության տակ:
Հետագայում ստեղծվեց նախաքննություն իրականացնող մյուս անկախ մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեն, և դրան զուգահեռ էապես աճեց ծառայությունում քննվող գործերի քանակը, հետևաբար՝ քննիչների ծանրաբեռնվածությունը 2012 թվականի համեմատ (Ծառայության քննիչի ծանրաբեռնվածությունն) ավելացել է ավելի քան չորս անգամ:
Ուստի, ներկայումս պաշտոնեական դիրքի հետ չկապված հանացագործությունների (օրինակ՝ ծեծ, գողություն, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ կապված հանցագործություններ և այլն) քննության անկախությունն ու օբյեկտիվությունը կարող է ապահովվել նաև այլ նախաքննական մարմիննների քննիչների կողմից: Դրանով զգալիորեն կթեթևացվի Ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ջանքեր և ժամանակ ուղղել հատկապես կոռուպցիոն հանցագործությունների քննությանն ու բացահայտնմանը:
Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի ներկայիս մեկնաբանությունը չի բխում այդ նորմի տրամաբանությունից և խաթարում է դրա իմաստն ու բովանդակությունը:
Քրեական գործի քննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության երաշխավորման պահանջը համընդհանուր և պարտադիր բնույթ է կրում բոլոր նախաքննական մարմինների համար, և այն՝ որպես քննչական ենթակայության փոփոխման հիմք նախատեսելը, իրավաչափ համարվել չի կարող: