Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի քրեական գործով զանգվածային լրատվության միջոցներում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ վճռաբեկ դատարանը միտումնավոր ձգձգում է ԵԴ/0680/01/18 քրեական գործի ընդդատության հարցի քննությունը, իրականության հետ ոչ մի աղերս չունի: Այս մասին հայտնում է Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի կարգով ընդդատության մասին վեճը լուծելու նպատակով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ուղարկված թիվ ԵԴ/0680/01/18 քրեական գործը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի մակագրությամբ, հանձնարարվել է Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանմանը՝ բարձրացված հարցի վերաբերյալ իրավական վերլուծություն ներկայացնելու համար:
2018 թվականի հոկտեմբերի 11-ից 14-ը ներառյալ եղել են ոչ աշխատանքային և հանգստյան օրեր: Օրենքով սահմանված կարգով գործի հետագա ընթացքը լուծելու նպատակով քրեական գործը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ի համապատասխան գրությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»: