Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման» ծրագրի նախագիծը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունների տեսանկյունից խիստ կարևոր է փոքր համայնքներում 3-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հիմնումը, քանի որ այդ համայնքներում չկա որևէ տեսակի կրթական ծառայություն վաղ տարիքի երեխաների համար, ինչը մեծ անհավասարություն է ստեղծում այդ և այն համայնքների երեխաների միջև, որտեղ գործում են մանկապարտեզներ կամ այլ տիպի նախադպրոցական ծառայություններ:
Վերջին տարիներին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետևանքով Հայաստանի Հանրապետության նախադպրոցական համակարգը հայտնվել է անբարենպաստ պայմաններում, ինչի արդյունքում կրճատվել են նախադպրոցական հաստատությունների թիվը, գործող հաստատությունների կարողությունները, նվազել է դրանցում երեխաների ընդգրկվածությունը: Նախադպրոցական հաստատություններ համայնքային ենթակայության են և դրանց գործունեության հետ կապված ցանկացած խնդիր անմիջականորեն աղերսվում է տվյալ համայնքի բյուջետային միջոցների հետ: Արդյունքում անհավասար պայմաններ են ստեղծվում նախադպրոցական տարիքի երեխաների միջև:
Կրթության և գիտության նախարարությունը՝ ուսումնասիրելով վերջին տարիներին գործընկեր կազմակերպությունների (Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակ, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացչութուն և «Աստղացոլք» ՀԿ) կողմից ձեռնարկված միջոցառումները՝ առաջարկում է ծախսարդյունավետ մոդելներ, որոնց ներդրման արդյունքում հնարավոր է ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը, ինչպես նաև արդյունավետ մեխանիզմներ կիրառել կառավարման մեջ:
Հանրապետության բազմաբնակավայր համայնքներում ձևավորվել այլընտրանքային նախադպրոցական կրթության հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն՝ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:
Այլընտրանքային նախադպրոցական կրթություն կազմակերպող հաստատությունը ձևավորվելով որպես համայնքահեն հաստատություն, կդառնա ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կառույց նախադպրոցական հաստատություն չունեցող բնակավայրերում:
Նախագծում նշվում է, որ այլընտրանքային մոդելների ներդրմամբ հնարավորություն ընձեռել համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ այլընտրանքային եղանակներով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու համայնքի բոլոր երեխաներին: