Քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 24-ին որոշում է ստորագրել, որով մերժել է քաղաքացու դիմումը՝ մեքենայի փոխհատուցման վերաբերյալ։
Արման Բաղդասարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է Երևանի քաղաքապետին, որի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Որոշման մեջ նշվում է, որ 2018 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 23:50-ի սահմաններում Արման Բաղդասարյանն իր սեփականությունը հանդիսացող «BMW 323 i» մակնիշի ավտոմեքենայով` Կոմիտասի պողոտայով, Վրացական փողոցի հատման հատվածից դեպի Փափազյան փողոց ընթանալիս, Կոմիտասի պողոտայի համար 23 հասցեի դիմաց, ճանապարհի երթևեկելի մասում ավտոմեքենայի ձախ անիվներն ընկել են դիտահորի շուրջ քանդված փոսի մեջ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենայի մասերը:
Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 2018 թվականի օգոստոսի 25-ին կազմված՝ նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի գործով վարչական վարույթ իրականացնելու պահանջից հրաժարվելու և ՃՏՊ-ի տվյալների մասին արձանագրության՝ Արման Բաղդասարյանը երթևեկել է Կոմիտասի պողոտայով, հասնելով նշված վայրը, քանի որ իր առջևում կար երթևեկող տրանսպորտային միջոց, որը քանդված դիտահորից մանևրել է վերջին պահին, Արման Բաղդասարյանը հնարավորություն չի ունեցել նկատելու փոսը և կանխելու բախումը:
«Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 5-ին կազմված եզրակացության համաձայն՝ ավտոմեքենային պատճառված վնասի չափը, գնահատման ժամանակահատվածի դրությամբ գործող շուկայական գներով կազմում է 278 հազար դրամ: Նույն եզրակացությամբ չի ապացուցվում, որ գնահատման ներկայացված ավտոմեքենայի վնասվածքներն առաջացել են 2018 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 23:50-ի սահմաններում դիտահորի փոսորակի մեջ ընկնելու հետևանքով:
Վարույթի լսումների ընթացքում Արման Բաղդասարյանի ներկայացուցիչ Արսեն Բաղդասարյանը, հղում կատարելով «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 2018 թվականի օգոստոսի 25-ին կազմված արձանագրությանը, դեպքի վայրի հատակագիծ-սխեմային, «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի եզրակացությանը, դեպքից հետո կատարված լուսանկարներին, հայտնեց, որ դեպքը տեղի ունենալու պատճառ է հանդիսացել դիտահորի շուրջ քանդված հատվածի մասն օրենքով սահմանված կարգով և անհրաժեշտ ճանապարհային նշաններով չզգուշացնելը, ինչպես նաև մինչև խոչընդոտը, կատարված շինարարական աշխատանքների հետևանքով թափված հողի առկայությունը, տեղանքում անհրաժեշտ լուսավորության բացակայությունը և թարթող փարոսիկների բացակայությունը:
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարի 2018 թվականի սեպտեմբերի 25-ի հ.25/01-Բ2809 գրության համաձայն՝ Կոմիտասի պողոտայում ա/բ ծածկի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են փողոցներում ա/բ ծածկի վերանորոգման Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի աշխատանքային ծրագրով՝ կապալառու «Շիրինշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարի 2018 թվականի սեպտեմբերի 24-ի հ.16/Բ-2809 գրության համաձայն՝ 2018 թվականի օգոստոսի 24-ին քաղաքապետարանի ընթացիկ տարվա ծրագրերի շրջանակներում «Շիրինշին» ՍՊԸ-ի կողմից Կոմիտասի պողոտայի, Վրացական փողոցից դեպի Փափազյան փողոց հատվածում, կատարվել են ասֆալտապատման և դիտահորի վերականգնման աշխատանքներ, որի ընթացքում տարածքը սահմանազատվել է շերտավոր անդրադարձնող ժապավեններով և տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ:
Քաղաքապետի որոշման մեջ նաև նշվում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հավելենք, որ որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։