Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որը առաջարկել է պատգամավոր Միհրան Հակոբյանը:
Առաջարկվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրամադրել պետական պահպանությունը:
Պետական պահպանությունը կտրամանադրվի նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից՝ մինչև գահակալության ավարտը:
Հիշեցնենք, որ մինչև հիմա պետական պահպանություն է տրամադրվել.
1) Հայաստանի Հանրապետության Նախագահին.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Հիմնավորման մեջ նշված է, որ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները կարգավորված են 2007թ.-ի փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով:
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգեւոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Դեռեւս խորհրդային տարիներից Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը եղել է պետական հոգածության առարկա: Հայաստանի Հանրապետության տարածքում եւ տարածքից դուրս գտնվելու ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը բխում է ՀՀ Սահմանադրության եւ պետություն-ազգային եկեղեցի առանձնահատուկ հարաբերությունների տառից եւ ոգուց:
Ներկայումս «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի երաշխավորում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը՝ օրենքի Կաթողիկոսի անվտանգության մասով կիրառումը թողնելով վարչապետի հայեցողությանը: Մինչդեռ թե Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ թե արտասահմանում ժամանակակից վտանգները հստակ մարտահրավեր են Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովման համար, ինչի վառ օրինակն է վերջին շրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունները:
Կարգավորման նպատակը. Կարգավորման նպատակն է իրավական երաշխիքներ սահմանել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգեւոր պետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովման համար:
Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման դեպքում օրենքով սահմանված կարգով կերաշխավորվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը ճիշտ այնպես, ինչպես երաշխավորված է Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ: Օրենքով սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կանխարգելիչ դերակատարություն կունենա Հայաստանի Հանրապետության տարածքում եւ տարածքից դուրս Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության սպառնալիքների չեզոքացման եւ կանխարգելման համար: