Մենք խստացրել ենք քննությունները․ Արայիկ Հարությունյան

Հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման օրերս տեղի ունեցած քննությունների բանավոր փուլը հավակնորդների գերակշիռ մասը չեն հաղթահարել:

Այս մասին տեղեկանում ենք կրթության և գիտության նախարարությունից։ Երևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոց կատարած այցի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այս առնչությամբ նշել է, որ հավաստագրման քննություններում ընթացակարգային և բովանդակային փոփոխություններ  են կատարվել. «Մենք խստացրել ենք քննությունները,  փոխել ենք քննությունների անցկացման ձևը, հարցաշարերում որոշակի փոփոխություն ենք կատարել: Նախկինում այդ քննությունները որոշ իմաստով ձևական բնույթ էին կրում, բայց այժմ բոլոր նրանք, ովքեր կհավակնեն դպրոցի  տնօրեն դառնալ, պետք է շատ ավելի լուրջ նախապատրաստվեն:  Ինքս նկատել եմ, որ որոշ տնօրեններ, իրենց պարտականություններին չեն տիրապետում և երբեմն կառավարման ոլորտի  տարրական գիտելիքներ չունեն: Մենք գտնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են դպրոցի տնօրեն աշխատել, պետք է լիովին տիրապետեն իրենց լիազորություններին և պարտականություններին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով դպրոցական դասագրքերի խնդրին` նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի և Եվրոպական Միության աջակցությամբ այժմ մշակվում են նոր չափորոշիչներ, որից հետո անդրադարձ կարվի նաև նոր դասագրքերի հրատարակմանը. «Հանրակրթությունը պահպանողական ոլորտ է և այստեղ  փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում: Նոր ծրագրերի ներդրման և փորձարկման համար ամիսներ և տարիներ են պետք, մենք անելու ենք առավելագույնը, որ այդ գործընթացները հնարավորինս կարճ տևեն»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ որոշ առարկաների ծրագրերում հաջորդ ուսումնական տարվանից փոփոխություններ կլինեն:

ԿԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Գերմանիա և Ֆրանսիա կատարած այցի արդյունքներին` նշելով, որ ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ` փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել