Նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարն ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 22-ին ընդունեց «Ղեկը աջ» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների, որոնք բողոքում են աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներկրման արգելքի դեմ։
Այս մասին հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նրանց պնդմամբ՝ ներկրողների մեծամասնությունը տեղյակ չի եղել ԱԺ քննարկման արդյունքում օրենքում կատարված այն փոփոխությանը, ըստ որի՝ արգելքը գործում է անժամկետ։ Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բազմաթիվ մեքենաներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան:
Արմեն Փամբուխչյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ օրենքն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում երթևեկությունն աջակողմյան է, ըստ այդմ էլ բոլոր ենթակառուցվածքներն ու ճանապարհային նշանները կահավորված և հարմարեցված են ձախ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների համար։
Որպեսզի քննարկումն առավել օբյեկտիվ լինի, պայմանավորվածություն ձեռք բերվեց այն շարունակել առաջիկա օրերին, նաև պատասխանատու մյուս գերատեսչությունների և աջ ղեկով մեքենաների ներկրմանը դեմ հանդես եկող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել