ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված էր «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Մինչ օրակարգի հաստատումը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ որոշմամբ պատգամավորի մանդատ է ստացել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակի թեկնածու Մարտուն Գրիգորյանը: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի` նորընտիր պատգամավորը երդվել է:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով օրինագծերի փաթեթը, նշել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների կարեւորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը: Ըստ զեկուցողի՝ փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձեւավորման սահմանափակումների վերացում եւ ժամկետների ընդլայնում՝ 6 օրվա փոխարեն 10 օր, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում կուսակցությունների համար՝ նախատեսված 5-ի փոխարեն 4 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում՝ գործող 7-ի փոխարեն 6 տոկոս: Նախատեսվում է նաեւ ընտրագրավի գումարի նվազեցում, կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ գործող 25 տոկոսի փոխարեն նախատեսելով 30 տոկոս, Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ բոնուսային համակարգի վերացում:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ընտրողների ցուցակների կազմման եւ վարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով ներդրվել են լրացուցիչ մեխանիզմներ: Նաեւ նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը, ավելացնել Հայաստանի հանրային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը եւ կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանումը:
Բանախոսը տեղեկացրել է, որ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկումների արդյունքում փաթեթում կատարվել են մի շարք լրացումներ եւ փոփոխություններ: Ընդունվել է նաեւ այն առաջարկը, ըստ որի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են ներկայացնել կառավարության իրենց կողմից առաջարկվող կառուցվածքը եւ կազմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած էլեկտրոնային ձեւով` հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար: Նշված նորմն ուժի մեջ կմտնի 2021 թվականից:
Պատգամավորների հարցադրումներն առնչվել են խորհրդարանում 2/3-րդ մանդատ ունեցող մեկ քաղաքական ուժի կողմից սահմանադրական օրենքների ընդունման հնարավորությանը, ընտրությունների արդար ու թափանցիկ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողության ուժեղացմանը, ընտրական իրավունքի պաշտպանությանը, հեռուստաբանավեճերի կազմակերպման թեմային եւ հատկացվող ժամաքանակին ու իրավական կարգավորում պահանջող մի շարք հարցերի:
Ներկայացնելով ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ օրենսդրական փաթեթը հանձնաժողովում քննարկվել է բացառապես իրավական-մասնագիտական համատեքստում, մի շարք առաջարկներ են ներկայացվել, հնչել են հարցադրումներ: Կառավարությունն ընդունելի է համարել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության՝ 4-րդ ուժի համար նվազագույնը 2% շեմ սահմանելուն վերաբերող առաջարկը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի:
ՀՀ ԱԺ պատգամավորները՝ օրենսդրական փաթեթի վերաբերյալ
Արամ Սարգսյանը կողմ է օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումներին: Նա կարեւորել է խորհրդարանում 4 քաղաքական ուժերի ներկայացված լինելը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը նոր Ընտրական օրենսգրքով:
Տիգրան Ուրիխանյանի գնահատմամբ՝ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար ու թափանցիկ, որի ընթացքում կբացառվեն ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքը: Պատգամավորը եւս կարեւորել է խորհրդարանում 4 քաղաքական ուժի ներկայացված լինելու հանգամանքը եւ խորհրդարան մուտքի շեմի իջեցումը, ինչը կապահովի բազմակարծություն:
Նշելով, որ կողմ է փաստաթղթին՝ Նաիրա Զոհրաբյանը փաստել է, որ աշխատանքային խմբում նախագծի առնչությամբ եղել է փոխհամաձայնություն: Նրա խոսքով՝ նոր ԸՕ-ն էականորեն բարելավում է ընտրական գործընթացների կազմակերպումը, բարձրացնում հանրային վստահությունն ընտրությունների նկատմամբ:
Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ նոր ԸՕ-ը նպաստում է Հայաստանում ժողովրդի կամքի իրական արտացոլմանը, ուստի ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները նոր օրենսգրքով անցկացնելուն:
Արմենուհի Կյուրեղյանը, համամիտ լինելով, որ նոր փաթեթում էական փոփոխություններ կան կուսակցական բազմակարծության ապահովման համար, բարձրացրել է մեկ քաղաքական ուժի կողմից սահմանադրական օրենքների ընդունման հարցը, ինչը միակուսակցական որոշման հնարավորություն է տալու: Պատգամավորն ընդգծել է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է 100 տոկոսանոց բաց համամասնական ընտրակարգին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ նախագիծը քաղաքական համակարգի բարելավման եւ ընտրություններում քաղաքական բաղադրիչը մեծացնելու հնարավորություն է տալու: «Այնպիսի իշխանություն ձեւավորելու խաղի կանոններ են, որտեղ իշխանության որակը պետք է փոխվի: ԱԺ արտահերթ ընտրություններով, որին ես կողմ եմ, պետք է գնանք իշխանության բյուրեղացման եւ խաղի կանոնները պետք է հստակ լինեն»,-ասել է Միքայել Մելքումյանը:
Գեւորգ Գորգիսյանը եւս կողմ է փաթեթի ընդունմանը, որին, ըստ պատգամավորի, սկզբունքորեն ոչ մի քաղաքական ուժ դեմ չէ: Նրա գնահատմամբ՝ այս նախագիծը նպաստելու է քաղաքական դաշտի զարգացմանը, խորհրդարանում քաղաքական նոր ուժերի ներգրավմանը:
Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ հապճեպություն է ցուցաբերվում: Պատգամավորը համաձայն է այն տեսակետի հետ, որ, այո, ԸՕ-ը մշտապես պետք է բարելավել, բայց ոչ ընտրություններից մեկուկես ամիս առաջ: Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն քաղաքական որեւէ շահ այս հարցում չունի:
Խոսրով Հարությունյանն անհրաժեշտ է համարել նախագծի մանրամասն քննարկումը եւ փոխզիջումների ճանապարհով համաձայնության գալը: Պատգամավորը կարեւորել է կառավարության կողմից իր առաջարկի ընդունումը, ըստ որի այն կուսակցությունները, որոնք առաջադրվում են եւ հավակնում իշխանության, պետք է ի սկզբանե հրապարակեն իրենց կառավարության կազմն ու կառուցվածքը, ինչը որակ եւ բովանդակություն կհաղորդի կուսակցությունների գործունեությանը ?ւ քաղաքական համակարգին:
Լենա Նազարյանը նշել է, որ իրենք կողմ են առաջարկվող կարգավորումներին, քանի որ դրանք միտված են պարզեցնելու ընտրության կազմակերպման եւ անցկացման ընթացակարգերը: Ըստ նրա՝ չկա որեւէ փոփոխություն, որը դժվարեցնում կամ սահմանափակում է քաղաքական ուժերի մասնակցությունը: Անդրադառնալով նախագծի ընդունման հարցում հապճեպություն ցուցաբերելուն վերաբերող հայտարարություններին՝ Լենա Նազարյանն ընդգծել է, որ դեռեւս ամռանից օրենսգրքի փոփոխություններն ու դրանց վերաբերյալ առաջարկները քննարկվել են:
Սասուն Միքայելյանի գնահատմամբ՝ կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ փոփոխությունների հանրային պահանջ: Նա կարեւորել է ռեյտինգայինից հրաժարումը, 4-րդ ուժի համար նվազագույնը 2% շեմ սահմանելը:
Սպարտակ Սեյրանյանի գնահատմամբ՝ թեեւ քննարկող նախագիծը պարունակում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկներից շատերը, այնուամենայնիվ դրանում առկա են խնդրահարույց դրույթներ: Նա մասնավորապես կարեւորել է բաց համամասնական ցուցակներով ընտրությունների անցկացումը:
Հովիկ Աղազարյանը խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դրդապատճառների, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության բացասական դիրքորոշման մասին՝ կոչ անելով նրանց կողմ քվեարկել նախաձեռնությանը: Պատգամավորն անդրադարձել է բաց համամասնական ցուցակներով ընտրություններ անցկացնելու առաջարկին՝ դա համարելով ժամանակավրեպ եւ վտանգներով լի: Ըստ նրա՝ դա գուցե ընդունելի կլինի տարիներ անց:
Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգի վերացմանը՝ այն համարելով քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված կարեւոր քայ: Ըստ նրա՝ համակարգը ոչնչացնում էր քաղաքական դաշտը՝ իջեցնելով այն կենցաղային մակարդակի, եւ քաղաքացին ընտրում էր՝ ելնելով ոչ քաղաքական համոզմունքից:
Արարատ Զուրաբյանը եւս կարեւորել է նախագծի ընդունումը, անհրաժեշտ համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորինս շուտ անցկացումը: Պատգամավորը նշել է, որ անհրաժեշտ էր ավելի շուտ անցկացնել ընտրությունները եւ հստակություն մտցնել քաղաքական դաշտում:
Նախագիծը դրական է գնահատել Վահե Էնֆիաջյանը: Նա նույնպես կարեւորել է նոր Ընտրական օրենսգրքով արտահերթ եւ որակապես ընդունելի խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Էդմոն Մարուքյանը տարածքային ռեյտինգային ընտրակարգի վերացումն ու ներկայացված նախագիծը գնահատելով դրական նշել է, որ թեեւ ընտրությունները հապճեպ են անցկացվելու, այնուամենայնիվ առաջարկվող փոփոխությունները կարեւոր են եւ նպաստավոր՝ լավ ընտրություններ ունենալու համար: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:
Սերգեյ Բագրատյանը նշել է, որ առկա են բոլոր նախադրյալները՝ անցկացնելու արդար ընտրություններ: Նրա խոսքով՝ այսուհետ ՀՀ քաղաքացին թույլ չի տալու ընտրակեղծիքներ եւ զեղծարարություն:
Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է գործընկերների որոշ տեսակետների, անհետաձգելի համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել բարեփոխված օրենսգրքով:
Իրենց դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անընդունելի է համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացումը: Նա խոսել է առկա տարաբնույթ խնդիրներից, որոնք կարող են խոչընդոտել որակյալ ընտրությունների անցկացմանը: Պատգամավորը պնդել է ՀՅԴ խմբակցության որոշ սկզբունքային առաջարկների ընդունման անհրաժեշտությունը, կարեւորել քաղաքական դաշտի վերադասավորման համար ժամանակի առկայությունը: Ըստ նրա՝ դեկտեմբերին ընտրություն անելու պարտադրանքը կարող է խոչընդոտել որակյալ ընտրությունների անցկացմանը: Արմեն Ռուստամյանը նշել է, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը մասնավորապես նկատել է, որ նախագիծը միտված է քաղաքական դաշտի վերականգնմանը եւ բխում է որոշ կուսակցությունների շահերից: Պատգամավորն անդրադարձել է նաեւ գործընկերների որոշ դիտարկումներին, անհամաձայնություն հայտնել նախագիծը հապճեպ ներկայացնելու կարծիքի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ, անկախ նախագծի ընդունումից, «Ելք» խմբակցությունը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն:
Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անունից շեշտել է, որ իրենք պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների թե գործող, թե բարեփոխված օրենսգրքով, որի ընդունումը բխում է քաղաքական դաշտի բոլոր խաղացողների շահերից:
Նա ԱԺ ՀՀԿ խմբակցության իր գործընկերներին հորդորել է վերադառնալ կառուցողական դաշտ եւ կողմ քվեարկել նախագծին նշելով, որ հարցը վճռված է՝ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, պարզապես պետք է որոշել, թե ինչպիսի օրենսգրքով տեղի կունենան դրանք: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ մի շարք գործոններ իրենց ազդեցությունն են ունեցել իրենց դիրքորոշման ձեւավորման վրա: Նա անդրադարձել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման պատմությանը եւ նշել, որ խորհրդարանական խմբակցությունների համախոհությամբ ներկայացված նախագիծն անտեսվել է կառավարության կողմից: Բացի այդ ներկայացրած նախագծին ծանոթանալու համար պատգամավորներն ունեցել են ընդամենը երկու օր. այն թե Ազգային ժողով, թե Վենետիկի հանձնաժողով ներկայացվել է փոփոխված տարբերակով, եւ ոչ այնպես, ինչպես նախապես տեղադրվել էր համապատասխան կայքում:
Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ խմբակցությունը կողմ չէ նախագիծը նման տեսքով եւ հապճեպ ընդունելուն:
Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է պատգամավորների դիտարկումներին եւ առաջարկներին, տվել պարզաբանումներ: Համամասնական բաց ցուցակների վերաբերյալ նա նշել է, որ գաղափարն ընդունելի է, բայց ոչ կիրառելի այս փուլում: Նախարարը կարեւորել է հակառակ սեռին տրվող քվոտավորման ավելացումը, նաեւ նշել, որ նախորդ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո՝ ամիսներ անց:
Նախարարը նշել է, որ արդյունավետ առաջարկներ եղել են, ուստի պատրաստակամ են մինչեւ երկրորդ ընթերցում քննարկել դրանք:
Նախագծերի փաթեթը քվեարկության արդյունքում չընդունվեց: Այն ստացավ 56 կողմ, 3 դեմ ձայներ: Ընդունվելու համար պետք է կողմ քվեարկեր պատգամավորների երեք հինգերորդը՝ այսինքն 63 պատգամավոր:
Սպառելով օրակարգը՝ ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: