Խոշտանգման կասկածանքով ձերբակալված 3 ոստիկաններն ազատ են արձակվել․ ՀՔԾ

Ոստիկանության Սևանի բաժնում քաղաքացուն ենթադրյալ խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված երեք ոստիկանները՝ Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորներն ազատ են արձակվել:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Նրանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ ՀՔԾ -ն կալանքի միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը նրանց գրավի դիմաց ազատ է արձակել»,-նշեց Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ոստիկանության 3 ծառայող ձերբակալվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու համար:

Նրանց ազատ արձակելու պահանջով Սևանի բնակիչները հոկտեմբերի 20-ին փակել էին Երևան-Սևան ճանապարհը: Ավելի ուշ ոստիկանների հարազատներին էր ընդունել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել