Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև 2006 թվականի նոյեմբերի 6-ի միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
2006 թվականի նոյեմբերի 6-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) կարգավորվում են երկու պետությունների միջև միջպետական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման մեխանիզմները:
Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նշյալ Համաձայնագրում, քանի որ Համաձայնագրով նախատեսված է թույլտվությունների փոխանակում երկու պետությունների միջև, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի թիվ 24 հավելվածի արձանագրության «Ավտոմոբիլային տրանսպորտ» մասով սահմանված է, որ անդամ-պետությունների միջև միջպետական ավտոմոբիլային բեռնափոխադրումները պետք է իրականացվեն առանց թույլտվությունների հետևյալ դեպքերում՝
- Երկու երկրների միջև,
- Տարանցիկ
- Դեպի 3-րդ երկիր և 3-րդ երկրից միայն անդամ պետությունների տարածքում:
Նկատի ունենալով, որ Համաձայնագիրն ուղղակի հակասում է Եվրասիական տնտեսական միությանն 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն 2016 թվականի հունվարի 1-ից անդամ–պետությունները պետք է միջպետական բեռնափոխադրումների բնագավառում ազատականացնեն «կաբոտաժային» փոխադրումները, ուստի երկու պետությունների ներկայացուցիչների կողմից քննարկվել են առաջացած խնդիրները և արձանագրել Համաձայնագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:
Իրականացվող փոփոխությունների արդյունքում երկու անդամ-պետությունները կազատվեն մուտքի, ելքի, տարանցման և դեպի 3-րդ երկիր և 3-րդ երկրից (ԵԱՏՄ անդամ-երկրների տարածքում) միջազգային բեռնափոխադրումների իրականացման համար թույլտվությունների պարտադիր պահանջից, ինչը առաջ կբերի երկու երկրների միջև միջազգային բեռնափոխադրումների գործընթացի դյուրացմանը, բեռնափոխադրումների իրականացման ժամանակի և ծախսերի կրճատմանը:
Համաձայնագրում նախատեսվում է նաև լրացում, որի համաձայն պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված և մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ժամանակավորապես տեղակայված ավտոտրանսպորտային միջոցը փոխադարձաբար ազատվում է այդ տարածքում գանձվող ճանապարհային և բնապահպանական ծախսերից, բացառությամբ վճարովի ճանապարհների երթևեկության գանձումներից:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նպատակահարմար է գտնում «2006 թվականի նոյեմբերի 6-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերայլ» Արձանագրության ստորագրումը:
Վերոգրյալի հիման վրա համաձայնագրում փոփոխությունների կատարումը կդյուրացնի երկու պետությունների միջև միջազգային բեռնափոխադրումների գործընթացը, կնպաստի բեռնափոխադրումների իրականացման ժամանակի և ծախսերի կրճատմանը: