Ինձ ասվեց՝ «լավով» գնա, որ «ուրիշ ձևերով»  չարվի. Գոհար Փանաջյան

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ  Գոհար Փանաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հավանաբար շատերդ կմտածեք՝ ինչ և ինչու է Գոհարն այժմ գրում այստեղ. ասեմ՝ խնդիր չեմ տեսնում, ցանկանում եմ, որպեսզի կարդաք ստորև գրված իրողությունը և խորհեք:

Այսօր կանչվելով հիմնարկի ղեկավարի մոտ՝ ինձ ասվեց, որ ես «այդտեղ գործ չունեմ անելու, ինձ «չեն տեսնում» և լավով, հանգիստ գնամ, որ «ուրիշ ձևերով»  չարվի» , իսկ մինչ այդ, որ՝ «ստե ինչ ես անում, գնա արտասահման գործ գտի քեզ նոռմալ, լեզուն էլ գիտես»: Կարկամեցի: Քարացա: Չհավատացի, որ իրողություն է այս ամենը:

Ասելով իմ մասին, որ հայրենասեր եմ, օրինավոր ՀՀ քաղաքացի, պարկեշտ ու արհեստավարժ, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղած պետական պաշտոնյա, արդարության ու ազնվության սկզբունքներին ողջ կյանքս հետամուտ եղած քաղաքացի ու երկրիս պետականաշինության, մասնավորաբար, առողջապահության ոլորտի մասով, իմ համեստ լուման ունեցած, բժշկական կադրեր կրթած անձ, գուցե համեստ չթվա, սակայն դրանով էլ ասելիքս ավարտված և շարքը սպառված չէի համարի թերևս: Ինչևէ: Սակայն այսով կավարտեմ:

Իմ մասին թող խոսեն իմ կատարած գործերը, իմ սերը, իմ թողած հետքն իմ Հայրենիքում:
Հայրենիք, որին անմնացորդ սիրում եմ, և կսիրեմ, անկախ ինձ հնչեցրած անհասկանալի, անիմանալի, ինձ անափ ցավ ու վիշտ պատճառած այսօրվա սպառնալիքներից, Հայրենիք, որից բաժանվելու ակնարկն անգամ ինձ համար մահու հավասար մի իրողություն է…

Այնուամենայնիվ, ձայնս լսելի է լինելու: Այս անգամ՝ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՐԵՆ:

Նոր Հայաստանում Նոր իրողություն է փոխվել, որը այս ձևով չպետք է դրսևորվի՝ սպառնալիքով, շանտաժով, անչափելի ցուցիչներով պրոֆեսիոնալ ու արդարամիտ մարդկանց, հենց այնպես, հավեսի համար, «լավ թիմ ունեմ տեսադաշտումս արդեն» վանկարկմամբ քամահրաբար փողոց նետելով ու մատնելով անելանելիության, ընտանիքի կեցության նվազագույնս ապահովման անորոշ ճակատագրին…

Այդ արարքները Նոր Հայաստանում պետք է խստագույնս պատժվեն:

Այս արարքների համար պետք է տեղյակ լինի երկրիս Վարչապետը:

Այլ կերպ՝ խոցոտված Հայրենիքիս վերքերի բուժման հանապազօրյա հարցն առկախվելու է, փակուղի են մտնելու հեղափոխության լավատեսության մեջ կռած մեր երազանքներն ու նպատակները, և պանդխտության չփակվող դուռը այդպես էլ բաց է մնալու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել