Դավիթ Տոնոյանի հրամանով սահմանվել է զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը վիճակահանությամբ իրականացնելու կարգը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոր հրաման է ստորագրել, որով սահմանվել են հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու կարգը:

Հրամանը ստորագրվել է հունիսի 25-ին, ուժի մեջ է մտել հուլիսի 27-ին:

Սահմանվել են նաև  հայտարարված սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը վիճակահանությամբ իրականացնելու կարգը, զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգը:

Դավիթ Տոնոյանի հրամանով սահմանվել են նաև զինված ուժերի երգի և պարի համույթում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության, արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգը:

Նաև սահմանվել է հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչված քաղաքացիներին ծառայության վայրեր նշանակելու վիճակահանության հանձնաժողովի կազմը.

ա. գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության զորքերի համալրման և անձնակազմի հաշվառման բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ),

բ. գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչությունից` երեք ներկայացուցիչ,

գ. ռազմական ոստիկանությունից` երկու ներկայացուցիչ,

ԿԱՐԳ

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՁԵՎՈՎ ԵՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

1. Հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում (այսուհետ՝ զորակոչ) տարածքային զինվորական կոմիսարիատները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին (այսուհետ՝ զորակոչված զինծառայողներ) ներկայացնում են Հանրապետական հավաքակայան: Հանրապետական հավաքակայանում զորակոչված զինծառայողներին օրենքի և սույն հրամանի պահանջների համաձայն նախորոշված ծառայության վայրեր տեղափոխելու աշխատանքներն իրականացնում են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները և ուղեկցող անձնակազմը:

2. Զորակոչված զինծառայողներին ծառայության վայրեր նշանակման վիճակահանությունը կազմակերպվում է օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի պահանջները հաշվի առնելով, ինչպես նաև սույն հրամանի համաձայն համապատասխան ծառայության վայրեր նշանակելու ընտրության մրցույթների արդյունքների հիման վրա՝ սույն հրամանի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հավելվածներում սահմանված կարգով: Ընդ որում՝

1) օրենքով սահմանված կարգով պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպությունում զինվորական մասնագիտական կրթություն ստացած զորակոչված զինծառայողների ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությունն իրականացվում է յուրաքանչյուր զինվորական մասնագիտության համար առանձին,

2) ռազմահաշվառական մասնագիտություն ստանալու համար ուսումնական զորամասեր ուղարկվելու համար ընտրված զորակոչված զինծառայողների վիճակահանությունն իրականացվում է՝ հաշվի առնելով զորակոչիկի ստացած կրթությունը,

3) եթե նույն օրվա դրությամբ զորակոչվել են երկու եղբայր և նրանք ցանկություն ունեն ծառայության նշանակվել միևնույն զորամասում, ապա վիճակահանությանը մասնակցում է եղբայրներից միայն մեկը,

4) եթե զորակոչված զինծառայողն ունի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր, որի ծառայության մեջ գտնվելու ժամկետը չի գերազանցում 17 ամիսը, ապա կարող է իր ցանկությամբ ծառայության նշանակվել եղբոր ծառայության վայրի զորամասում՝ չմասնակցելով վիճակահանությանը,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն որոշման պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զորակոչված զինծառայողները չեն մասնակցում վիճակահանությանը,

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զորակոչված զինծառայողները չեն մասնակցում վիճակահանությանը,

7) տվյալ զորակոչի շրջանակներում սպայական կամ սերժանտական դասընթացներ կազմակերպված լինելու դեպքում՝ համապատասխան դասընթացին մասնակցելու դիմում ներկայացրած և համապատասխան դասընթաց անցնելու համար ընտրված զորակոչված զինծառայողները չեն մասնակցում վիճակահանությանը:

3. Վիճակահանության հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Վիճակահանությունն իրականացնելու նպատակով վիճակահանության հանձնաժողովի կողմից պատրաստվում են տվյալ օրվա դրությամբ համալրման ենթակա զորամասերի պայմանական համարներով թերթիկներ (այսուհետ՝ վիճակահանության թերթիկ), որոնք կնքվում են գլխավոր շտաբի կնիքով, ծալվում են և մետաղյա ամրակով ամրացվում այնպես, որպեսզի զորամասի պայմանական համարը չերևա, որից հետո դրանք լցվում են (զորամասերի ընդհանուր համալրման և սույն հրամանով սահմանված ծառայության համապատասխան վայրերի ընտրության) վիճակահանության թմբուկներում:

4. Վիճակահանությանը մասնակցելու նպատակով զորակոչված զինծառայողները ներկայացվում են վիճակահանության դահլիճ, որտեղ հերթով մոտենում են իրենց կարգավիճակին համապատասխանող (զորամասերի ընդհանուր համալրման և սույն հրամանով սահմանված ծառայության համապատասխան վայրերի ընտրության) թմբուկին և վիճակահանության հանձնաժողովի ներկայությամբ թմբուկից հանում վիճակահանության մեկ թերթիկ, բացում և բարձրաձայն կարդում են վիճակահանության թերթիկում նշված զորամասի պայմանական համարը, որից հետո այն տալիս են հանձնաժողովի անդամին: Ստացված վիճակահանության թերթիկի հիման վրա հանձնաժողովի անդամը տվյալ զորակոչված զինծառայողի վիճակահանության թերթիկում գրառում է զորակոչված զորակոչիկի անունը, հայրանունը, ազգանունը և զինկոմիսարիատը, վիճակահանության հանձնաժողովի պատասխանատուն կնքում և ստորագրում է վիճակահանության թերթիկը, որից հետո զորակոչված զինծառայողը ստորագրում է վիճակահանության թերթիկի համապատասխան տողում և դուրս գալիս վիճակահանության դահլիճից:

5. Վիճակահանության արդյունքների վերաբերյալ վիճակահանության հանձնաժողովի կողմից կազմվում են արձանագրություններ, որոնք վիճակահանության հանձնաժողովի ԷՀՄ տեխնիկ-օպերատորի կողմից մուտքագրվում են համակարգչում առկա զորակոչված զինծառայողների անձնական տվյալներում: Վիճակահանության գործընթացը տեսաձայնագրվում և պահվում է էլեկտրոնային կրիչների վրա:

6. Զորակոչված զինծառայողների կողմից վիճակահանության թմբուկներից հանված վիճակահանության թերթիկները վիճակահանության հանձնաժողովի կողմից տվյալ օրվա վերջում առանձին արձանագրությամբ ակտավորվում են` որպես տվյալ օրվա դրությամբ օգտագործված վիճակահանության թերթիկներ, և հանձնվում գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության գաղտնի մաս` պահպանության:

ԿԱՐԳ

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

1. Հայտարարված պահեստազորի առաջին խմբի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում (այսուհետ՝ զորակոչ) զինվորական կոմիսարիատները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կարգով սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին (այսուհետ՝ զորակոչված սպաներ) ներկայացնում են Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ: Զորակոչված սպաներին՝ օրենքի պահանջների համաձայն և վիճակահանության արդյունքներով նախորոշված ծառայության վայրեր մեկնելու նպատակով, կադրերի և ռազմական կրթության վարչության կողմից տրվում են կարգադրագրեր՝ 3-օրյա ժամկետում նախորոշված ծառայության վայր ներկայանալու համար:

2. Զորակոչված սպաներին ծառայության վայրեր նշանակման վիճակահանությունը կազմակերպվում է օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները հաշվի առնելով՝ Օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն ստեղծված պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ մանդատային հանձնաժողով): Մանդատային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

3. Վիճակահանությունն իրականացվում է ըստ հոսպիտալային օղակի և զորամասային օղակի համալրման հերթականությամբ: Ընդ որում, ասպիրանտուրա (դոկտորանտուրա) ավարտած կամ գիտական աստիճան ունեցող զորակոչված սպաների վիճակահանությունն իրականացվում է առանձին՝ ըստ գիտական մասնագիտացման, իսկ հոսպիտալային օղակի համալրման ենթակա հաստիքների վիճակահանությանը մասնակցում են այն զորակոչված սպաները, ովքեր ունեն այդ հաստիքների համար սահմանված մասնագիտացմանը համապատասխանող մասնագիտացում:

4. Համալրման ենթակա բոլոր թափուր հաստիքների անվանումներով, ըստ դրանց համար սահմանված մասնագիտացման, պատրաստվում են փակ ծրարներ՝ ամրացված մետաղյա ամրակով և կնքված կադրերի և ռազմական կրթության վարչության կնիքով: Յուրաքանչյուր ծրար պարունակում է համալրման ենթակա մեկ զորամասի պայմանական համարը պարունակող ծալված թերթիկ (այսուհետ՝ վիճակահանության թերթիկ):

5. Ըստ մասնագիտացումների համալրման ենթակա տեղերի և ըստ մասնագիտացումների առկա զորակոչված սպաների հարաբերակցությունը պահպանելու համար տվյալ մասնագիտացմամբ վիճակահանությանը մասնակցում են այդպիսի մասնագիտացում ունեցող բոլոր զորակոչված սպաները, որի նպատակով ավելացվում են վիճակահանության դատարկ ծրարներ: Այդպիսի ծրարներ ընտրած զորակոչված սպաները այնուհետև մասնակցում են զորամասերի բուժկետերի թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը:

6. Ըստ մասնագիտացումների հոսպիտալային համակարգի թափուր պաշտոնների պահանջարկը համալրվելու դեպքում համապատասխան մասնագիտացումներով զորակոչված սպաները մասնակցում են զորամասերի բուժկետերի թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը:

7. Վիճակահանությանը մասնակցելու նպատակով զորակոչված սպաները ներկայանում են վիճակահանության դահլիճ, որտեղ հերթով, ըստ մասնագիտացումների, մոտենում են ծրարների սեղանին և պատահականության սկզբունքով վերցնում տվյալ մասնագիտացման ծրարների խմբից մեկ ծրար, բացում և բարձրաձայն կարդում են վիճակահանության թերթիկում նշված զորամասի պայմանական համարը, ստորագրում վիճակահանության թերթիկի վրա և այն տալիս հանձնաժողովի քարտուղարին:

8. Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են մանդատային հանձնաժողովի քարտուղարի կողմից: Մանդատային հանձնաժողովի արձանագրությունն ուղարկվում է պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչություն: Տվյալ զորակոչված սպայի կողմից բացված վիճակահանության ծրարը կցվում է նրա անձնական գործին:

ԿԱՐԳ

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձաժողովի գործունեության կարգը:

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովը իրականացնում է դիտումներ, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, հրապարակվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Տարածքային զինկոմիսարիատներն իրականացնում են դիտումներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկների հաշվառում և հաշվառված զորակոչիկների անվանացուցակները դիտումների օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են հանձնաժողովի նախագահին:

3. Հանձնաժողովի կողմից ընտրություն կատարելիս հիմք են ընդունվում զորակոչիկի միաժամանակյա համապատասխանությունը հետևյալ պայմաններին.

1) հասակը` 180-ից 190սմ,

2) դեմքի և մարմնի երևացող այլ մասերի վրա դաջվածքների և սպիների բացակայություն,

3) մարմնի զանգվածի և հասակի կանոնավոր հարաբերակցություն,

4) դեմքի գեղեցիկ և համաչափ դիմագծեր,

5) առանց որևէ շտկման և ճիշտ գունային զգացողությամբ տեսողություն,

6) ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքի ընկալման լսողություն:

4. Պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը չեն մասնակցում՝

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները:

5. Հանձնաժողովի կողմից չեն կարող ընտրվել սույն կարգի 3-րդ կետում սահմանված պայմանները բավարարող, սակայն դատվածություն ունեցող կամ հոգենևրոլոգիական կամ նարկոլոգիական կամ մաշկավեներոլոգիական դիսպանսերներում հաշվառված կամ սահմանափակումով զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված զորակոչիկները, ինչպես նաև միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկի տվյալները չեն բավարարում սույն կարգի 3-րդ կետում սահմանված պայմաններին:

6. Զորակոչիկները դիտումներին մասնակցում են անձը հաստատող փաստաթղթով: Հանձնաժողովի կողմից դիտումները յուրաքանչյուր օրվա համար չեն կարող գերազանցել 50 անձը:

7. Դիտումներն անցկացվում են 14746 զորամասում: Դիտումներին կարող են մասնակցել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի: Դիտումներին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև դիտումների սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ զորակոչիկի գնահատումն իրականացնում է գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարի կողմից կնքված և հաստատված գնահատման ձևաթերթիկի վրա սույն կարգի 3-րդ կետում նշված յուրաքանչյուր պայմանի դիմաց «Համապատասխանում է պայմանին» կամ «Չի համապատասխանում պայմանին» գրառում կատարելու և ստորագրելու միջոցով: Պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրված են համարվում այն զորակոչիկները, որոնց գնահատման ձևաթերթիկում բոլոր պայմանների դիմաց հանձնաժողովի բոլոր անդամները կատարել են «Համապատասխանում է պայմանին» գրառումը և ստորագրել են:

9. Հանձնաժողովի կողմից պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրության անցկացման գործընթացն արձանագրվում է: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Արձանագրությունը ներկայացվում է գլխավոր շտաբի պետի հաստատմանը:

10. Պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու վիճակահանությունն իրականացվում է գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության կողմից նշանակված միասնական օրը` հանրապետական հավաքակայանում:

11. Պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրված զորակոչիկները մասնակցում են վաշտի թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը, որի նպատակով վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զորակոչիկների քանակին համապատասխանող թերթիկներ, որոնց մի մասում նշված է վաշտի պայմանական համարը, իսկ մնացած թերթիկների վրա նշվում է այլ զորամասի պայմանական համար:

12. Պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով վիճակահանությունն անցկացվում է սույն հրամանի հավելված 1-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի պահանջների համաձայն:

13. Զինվորական ծառայության ընթացքում պատվո պահակային վաշտում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

ԿԱՐԳ

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՐԳԻ ԵՎ ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է զինված ուժերի երգի և պարի համույթում ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձաժողովի գործունեության կարգը:

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովը իրականացնում է դիտումներ, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, հրապարակվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Տարածքային զինկոմիսարիատներն իրականացնում են դիտումներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկների հաշվառում ըստ անհրաժեշտ երգարվեստի և պարային մասնագետների հայտ-պահանջարկի, և հաշվառված զորակոչիկների անվանացուցակները դիտումների օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են զինված ուժերի երգի և պարի համույթի ղեկավարին:

3. Զինված ուժերի երգի և պարի համույթում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը չեն մասնակցում՝

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները:

4. Զորակոչիկները դիտումներին մասնակցում են անձը հաստատող փաստաթղթով: Հանձնաժողովի կողմից դիտումները յուրաքանչյուր օրվա համար չեն կարող գերազանցել 50 անձը:

5. Դիտումներն անցկացվում են «Սարդարապատ» պարի անսամբլի փորձասրահում` ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում: Դիտումների ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է:

6. Դիտումներին կարող են մասնակցել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի: Դիտումներին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև դիտումների սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ զորակոչիկի գնահատումն իրականացնում է գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարի կողմից կնքված և հաստատված գնահատման ձևաթերթիկով: Հանձնաժողովի անդամների գնահատականները յուրաքանչյուր մասնակցի համար գումարվում են և բաժանվում նիստին ներկա գտնվող հանձնաժողովի անդամների թվին, որի արդյունքով ձևավորվում է յուրաքանչյուր մասնակցի միջին թվաբանական գնահատականը:

8. Զորակոչիկների կատարողական վարպետության գնահատումն իրականացվում է բալային համակարգով` բաղկացած հետևյալ հիմնական մասերից (յուրաքանչյուրն առավելագույնը 20 բալ).

1) դասական պար,

2) հայկական ժողովրդական պար,

3) այլ ժողովրդական պարեր,

4) պարարվեստում օգտագործվող ուժային շարժումներ,

5) ռիթմիկա (ռիթմի ընկալում):

9. Յուրաքանչյուր մասնակցի գնահատականը հաշվարկվում և հայտարարվում է տեղում: «Գերազանց» գնահատվում է 85 և ավելի բալը, «Լավ»` 70-84 բալը, իսկ մինչև 70 բալը գնահատվում է «Անբավարար»: «Անբավարար» գնահատական ստացած զորակոչիկներն իրավունք չեն ստանում մասնակցելու զինված ուժերի երգի և պարի համույթում ծառայության նշանակելու նպատակով անցկացվող վիճակահանությանը և նրանց ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է սույն հրամանի 1-ին հավելվածով սահմանված կարգով` ընդհանուր վիճակահանության շրջանակում:

10. Դիտումների արդյունքներն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Արձանագրությունը գլխավոր շտաբի պետի հաստատմանը ներկայացման ժամկետներ են սահմանվում դիտումների օրվան հաջորդող աշխատանքային 3-օրյա ժամկետը, իսկ բողոքարկման դիմումների առկայության դեպքում` 5-օրյա ժամկետը: Բողոքարկման արդյունքներով զորակոչիկի գնահատականը փոխվելու դեպքում փոփոխությունը ևս արձանագրվում է:

11. Զինված ուժերի երգի և պարի համույթի թափուր հաստիքների համալրման վիճակահանությունն իրականացվում է գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության կողմից նշանակված միասնական օրը` հանրապետական հավաքակայանում:

12. Զինված ուժերի երգի և պարի համույթում յուրաքանչյուր մասնագիտությամբ թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը մասնակցում են «Գերազանց» գնահատական ստացած զորակոչիկները, ընդ որում, եթե տվյալ մասնագիտությամբ`

1) «Գերազանց»` գնահատական ստացածների թիվը համապատասխանում է զինված ուժերի երգի և պարի համույթի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից, ապա նշված զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված զինված ուժերի երգի և պարի համույթում,

2) եթե «Գերազանց» գնահատական ստացածների թիվն ավել է զինված ուժերի երգի և պարի համույթի թափուր հաստիքների քանակից, ապա երգի և պարի համույթի համալրման ենթակա հաստիքների վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զորակոչիկների քանակին համապատասխանող թերթիկներ, որոնց մի մասում նշված է զինված ուժերի երգի և պարի համույթի համապատասխան հաստիքը, իսկ մնացած թերթիկների վրա նշվում են այլ զորամասերի պայմանական համարները,

3) սույն կետի 1-ին ենթակետում նախատեսված «Գերազանց» գնահատական ստացածների թիվը զինված ուժերի երգի և պարի համույթի թափուր հաստիքների քանակից պակաս լինելու դեպքում` չհամալրված հաստիքների մասով, ինչպես նաև եթե «Գերազանց» գնահատական չի ստացել ոչ մի զորակոչիկ, ապա երգի և պարի համույթի թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը մասնակցում են նաև «Լավ» գնահատական ստացածները: Եթե վիճակահանությանը մասնակցողների թիվը համապատասխանում է զինված ուժերի երգի և պարի համույթի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից, ապա վիճակահանության արկղում ներառվում են միայն համապատասխան հաստիքների նշումով թերթիկներ: Եթե վիճակահանությանը մասնակցողների թիվն ավել է զինված ուժերի երգի և պարի համույթի թափուր հաստիքների քանակից, ապա վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զորակոչիկների քանակին համապատասխանող թերթիկներ, որոնց մի մասում նշված են համապատասխան հաստիքների նշումով թերթիկներ, իսկ մնացած թերթիկների վրա նշվում են այլ զորամասերի պայմանական համարները:

13. Զինված ուժերի երգի և պարի համույթում ծառայության նշանակելու նպատակով վիճակահանությունն անցկացվում է սույն հրամանի հավելված 1-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի պահանջների համաձայն:

14. Զինվորական ծառայության ընթացքում զինված ուժերի երգի և պարի համույթում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

ԿԱՐԳ

ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲՈՒՄ ԵՎ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՆՎԱԳԱԽՄԲԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձաժողովի գործունեության կարգը:

2. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության նշանակելու ընտրությանը մասնակցում են երաժշտական փողային և հարվածային գործիքների տիրապետող մասնագետները: Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովը իրականացնում է լսումներ, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, հրապարակվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Տարածքային զինկոմիսարիատներն իրականացնում են լսումներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկների հաշվառվում` ըստ անհրաժեշտ երաժշտական փողային և հարվածային գործիքների տիրապետող մասնագետների հայտ-պահանջարկի, և հաշվառված զորակոչիկների անվանացուցակները լսումների օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետին:

3. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը չեն մասնակցում՝

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները:

4. Զորակոչիկները լսումներին մասնակցում են իրենց երաժշտական փողային կամ հարվածային գործիքներով, իրենց կողմից կատարվող ստեղծագործությունների հրատարակված նոտաներով և անձը հաստատող փաստաթղթով: Հանձնաժողովի կողմից լսումները յուրաքանչյուր օրվա համար չեն կարող գերազանցել 50 անձը:

5. Լսումները անցկացվում են 14746 զորամասում` գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի մեծ փորձասենյակում: Լսումների ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է:

6. Լսումներին կարող են մասնակցել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի: Լսումներին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև լսումների սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ զորակոչիկի գնահատումն իրականացնում է գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարի կողմից կնքված և հաստատված գնահատման ձևաթերթիկով: Հանձնաժողովի անդամների գնահատականները յուրաքանչյուր մասնակցի համար գումարվում են և բաժանվում նիստին ներկա գտնվող հանձնաժողովի անդամների թվին, որի արդյունքով ձևավորվում է յուրաքանչյուր մասնակցի միջին թվաբանական գնահատականը:

8. Զորակոչիկների գնահատումն իրականացվում է բալային համակարգով` բաղկացած հետևյալ հիմնական մասերից (յուրաքանչյուրն առավելագույնը 20 բալ).

1) երաժշտական փողային գործիքների տիրապետող մասնագետների համար՝

ա. գամմաներ (մինչև 4 նշան, զուգահեռ` մաժոր և մինոր), արպեջիոներ իրենց շրջվածքներով (3/5, 4/6 և 7 ակորդներ),

բ. երկու տարաբնույթ էտյուդ,

գ. երկու տարաբնույթ պիես,

դ. անծանոթ նոտային տեքստի ընթերցում,

ե. երաժշտության տեսական գիտելիքների ստուգում.

2) երաժշտական հարվածային գործիքների տիրապետող մասնագետների համար՝

ա. երկու էտյուդ,

բ. երկու տարաբնույթ պիես,

գ. անծանոթ նոտային տեքստի (ռիթմիկ պատկերներ) ընթերցում,

դ. երկակի և եռակի հարվածների կատարում առանձին ձեռքերով, աստիճանաբար արագացնելով հասցնել տրեմոլո, մանր և խոշոր տրեմոլոյի կատարում` դինամիկ աստիճանավորումներով (p, f, ppp crescendo fff diminuendo ppp, fff diminuendo ppp crescendo fff),

ե. երաժշտական տարրական տեսության գիտելիքների ստուգում:

9. Կատարումների գնահատման ժամանակ հաշվի են առնվում ձայնի որակը, շտրիխների և դինամիկայի տիրապետման աստիճանը, ինչպես նաև ստեղծագործության գեղարվեստական բովանդակության բացահայտումը:

10. Զորակոչիկի գնահատականը հաշվարկվում և հայտարարվում է տեղում: «Գերազանց» գնահատվում է 85 և ավելի բալը, «Լավ»` 70-84 բալը, իսկ մինչև 70 բալը գնահատվում է «Անբավարար»: Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության նշանակելու նպատակով վիճակահանությանը մասնակցում են միայն «Գերազանց» և/կամ «Լավ» գնահատական ստացած զորակոչիկները: «Անբավարար» գնահատական ստացած զորակոչիկների ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է ընդհանուր վիճակահանության շրջանակում:

11. Լսումների արդյունքներն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Արձանագրությունը գլխավոր շտաբի պետի հաստատմանը ներկայացվում են լսումների օրվան հաջորդող աշխատանքային 3-օրյա ժամկետում, իսկ բողոքարկման դիմումների առկայության դեպքում` 5-օրյա ժամկետում: Բողոքարկման արդյունքներով զորակոչիկի գնահատականը փոխվելու դեպքում փոփոխությունը ևս արձանագրվում է:

12. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի և զորամասերի նվագախմբերի թափուր հաստիքների համալրման վիճակահանությունն իրականացվում է գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության կողմից նշանակված միասնական օրը` հանրապետական հավաքակայանում:

13. Հաշվի առնելով երաժշտական գործիքների հարակից համատեղելիությունը, ներքոհիշյալ երաժշտական փողային գործիքների տիրապետող երաժիշտ մասնագետները թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը մասնակցում են նաև`

1) գալարափողահարը` որպես ալտահար,

2) տենորահարը` որպես բարիտոնահար և հակառակը,

3) տրոմբոնահարը` որպես տենորահար կամ բարիտոնահար,

4) շեփորահարը` որպես ալտահար:

14. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի յուրաքանչյուր մասնագիտությամբ թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը մասնակցում են «Գերազանց» գնահատական ստացած զորակոչիկները, իսկ զորամասերի նվագախմբերի յուրաքանչյուր մասնագիտությամբ թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը` «Լավ» գնահատական ստացած զորակոչիկները: Ընդ որում, եթե տվյալ մասնագիտությամբ`

1) «Գերազանց» գնահատական ստացածների թիվը համապատասխանում է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից, ապա նշված զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում,

2) եթե «Գերազանց» գնահատական ստացածների թիվն ավել է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի թափուր հաստիքների քանակից, ապա գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի համալրման ենթակա հաստիքների վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զորակոչիկների քանակին համապատասխանող թերթիկներ, որոնց մի մասում նշված է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի համապատասխան հաստիքը, իսկ մնացած թերթիկներն առանց նշման են: Առանց նշման թերթիկ հանած զորակոչիկներն առանձին, մինչև «Լավ» գնահատական ստացածների վիճակահանության կազմակերպումը, մասնակցում են զորամասերի նվագախմբերում թափուր հաստիքների համալրման վիճակահանությանը,

3) սույն կետի 1-ին ենթակետում նախատեսված «Գերազանց» գնահատական ստացածների թիվը գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի թափուր հաստիքների քանակից պակաս լինելու դեպքում` չհամալրված հաստիքների մասով, ինչպես նաև եթե «Գերազանց» գնահատական չի ստացել ոչ մի զորակոչիկ, ապա գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի թափուր հաստիքների թերթիկներն ընդգրկվում են զորամասերի նվագախմբերում թափուր հաստիքների համալրման վիճակահանության արկղում: Եթե վիճակահանությանը մասնակցողների թիվը համապատասխանում է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի և զորամասերի նվագախմբերի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից, ապա վիճակահանության արկղում ներառվում են միայն համապատասխան հաստիքների նշումով թերթիկներ: Եթե վիճակահանությանը մասնակցողների թիվն ավել է գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի և զորամասերի նվագախմբերի թափուր հաստիքների քանակից, ապա վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զորակոչիկների քանակին համապատասխանող թերթիկներ, որոնց մի մասում նշված են համապատասխան հաստիքների նշումով թերթիկներ, իսկ մնացած թերթիկների վրա նշվում են այլ զորամասերի պայմանական համարները:

15. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության նշանակելու նպատակով վիճակահանությունն անցկացվում է սույն հրամանի հավելված 1-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի պահանջների համաձայն:

16. Զինվորական ծառայության ընթացքում շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

 ԿԱՐԳ

ԱՐԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է հայտարարված զորակոչի ընթացքում զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների (այսուհետ` զորակոչիկներ)՝ արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության պայմանները և հանձնաժողովի գործունեության կարգը:

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է մրցույթ, որի տեղի և ժամի մասին, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, իրազեկումն իրականացվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Մրցույթին մասնակցել ցանկացող զորակոչիկները գրանցվում են atmk.mil.am կայքում: Տարածքային զինկոմիսարիատները ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառվում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են կապի և ԱԿՀ վարչության պետին:

3. Արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը չեն մասնակցում՝

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները:

4. Զորակոչիկը մրցույթին մասնակցում է անձը հաստատող փաստաթղթով, առկայության դեպքում իր մոտ ունենալով` աշխատանքային կրճատ գործունեությունը (ռեզյումե), և այլ հավելյալ փաստաթղթեր (դիպլոմ, հավաստագրեր), ինչպես նաև տեղեկանք տարածքային զինկոմիսարիատից, որտեղ նշված լինի զորակոչիկի պիտանիությունը զինվորական ծառայությանը (եթե ունի սահմանափակումներ, ապա բոլոր հոդվածների նշումով), ռազմաուսումնական հաստատությունների դիմորդ և պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում դասընթացներ ավարտած չլինելու հանգամանքները,

5. Մրցույթի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է: Մրցույթին կարող են ներկա գտնվել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև մրցույթը սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

6. Մրցույթի արդյունքներն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Արձանագրությունը գլխավոր շտաբի պետի հաստատմանը ներկայացվում են մրցույթի օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դիմումների առկայության դեպքում` 5-օրյա ժամկետում: Բողոքարկման արդյունքներով զորակոչիկի գնահատականը փոխվելու դեպքում փոփոխությունը ևս արձանագրվում է:

7. Հանձնաժողովի կողմից հարցազրույցի միջոցով իրականացվում է համապատասխան որակավորում` հետևյալ մասնագիտություններից.

1) ծրագրավորում,

2) կիբեռանվտանգություն,

3) ցանցային/համակարգային ադմինիստրացիա:

8. Մրցույթն անցկացվում է 2 փուլով: Յուրանքանչյուր փուլում բոլոր մասնագիտությունների համար սահմանվում են համապատասխան կատեգորիաներ, որոնցից ամեն մեկի համար մրցույթի մասնակիցը գնահատվում է սահմանված գնահատման սանդղակով։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի գնահատականը յուրաքանչյուր զորակոչիկի համար ձևավորվում է բոլոր կատեգորիաներում նշանակված գնահատականների գումարով: Զորակոչիկի վերջնական գնահատականը ձևավորվում է համապատասխան մասնագիտության գնահատման հանձնաժողովի բոլոր անդամների նշանակած գնահատականների միջին թվաբանական գումարով:

9. Մրցույթի առաջին փուլում զորակոչիկները գնահատվում են ըստ ստորև ներկայացված կատեգորիաների` 20-բալանոց գնահատման սանդղակով.

1) Ծրագրավորում`

ա. ծրագրավորման լեզվի իմացություն` մինչև 10 բալ.

բ. օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորում (OOP)` մինչև 10 բալ.

2) Կիբերանվտանգություն`

ա. վեբ խոցելիություններ (SQLi, XSS, SSRF, CSRF, LFI, RFI…)` մինչև 10 բալ.

բ. ցանցային անվտանգություն` մինչև 10 բալ.

3) Ցանցային/համակարգային ադմինիստրացիա`

ա. օպերացիոն համակարգեր` մինչև 10 բալ.

բ. երթուղիչների, կոմուտատորների աշխատանք` մինչև 10 բալ:

10. Առաջին փուլի արդյունքներով 12 և ավելի միավոր հավաքած զորակոչիկները անցնում են որակավորման երկրորդ փուլ, իսկ 12-ից ցածր միավոր հավաքած զորակոչիկները դուրս են մնում հետագա որակավորման փուլից:

11. Մրցույթի երկրորդ փուլում զորակոչիկները գնահատվում են 100-բալանոց գնահատման սանդղակով` ըստ ստորև ներկայացված կատեգորիաների.

1) Ծրագրավորում`

ա. ծրագրավորման լեզվի իմացություն` մինչև 20 բալ.

բ. օբյեկտային կողմնորոշված ծրագրավորում (OOP)` մինչև 20 բալ.

գ. տվյալների բազա, ցանցային ծրագրերի նախագծում (Client Server architecture), զուգահեռ ծրագրավորում (Multithreading, Synchronization)` մինչև 20 բալ.

դ. ալգորիթմեր, տվյալների կառուցվածքներ, Frameworks, Libraries` մինչև 20 բալ.

ե. պրակտիկ հմտությունների գնահատում` մինչև 20 բալ:

2) Կիբերանվտանգություն`

ա. վեբխոցելիություններ (SQLi, XSS, SSRF, CSRF, LFI, RFI…)` մինչև 20 բալ.

բ. գաղտնագրություն` մինչև 20 բալ.

գ. ցանցային անվտանգություն` մինչև 20 բալ.

դ. սոցիալական ինժեներիա` մինչև 20 բալ.

ե. պրակտիկ հմտությունների գնահատում` մինչև 20 բալ:

3) Ցանցային/համակարգային ադմինիստրացիա`

ա. վիրտուալիզացման համակարգեր` մինչև 20 բալ.

բ. սերվերների ղեկավարման և մոնիթորինգի համակարգեր` մինչև 20 բալ.

գ. օպերացիոն համակարգերի իմացություն, ապարատային սերվերների կարգավորում և սպասարկում` մինչև 20 բալ.

դ. երթուղիչների և կոմուտատորների, Firewall-ների աշխատանքի իմացություն` մինչև 20 բալ.

ե. TCP/IP Model-ի և ցանցային ծառայությունների (DNS, FTP, NTP, Webserver, iSCSI, VPN և այլն) իմացություն` մինչև 20 բալ:

12. Երկրորդ փուլի արդյունքում`

1) 80 և ավելի բալեր հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «C» կարգ,

2) 80-ից ցածր բալեր հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B» կարգ։

13. Որակավորման «C» կարգ ստացած զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված կապի և ԱԿՀ վարչության Արդի տեխնոլոգիաների խումբ, իսկ «B» որակավորում ստացածները, զինվորական ծառայությանը լրիվ պիտանիությունը հաշվի առնելով, մասնակցում են զինված ուժերի կապի, հակաօդային պաշտպանության և հրետանու ուսումնական զորամասերի համալրման վիճակահանությանը: Առողջական վիճակի պատճառով ուսումնական զորամասեր ուղարկվելու ոչ ենթակա զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը:

14. Զինվորական ծառայության ընթացքում արդի տեխնոլոգիաների խմբում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

ԿԱՐԳ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ (ԳԻՏԱԿԱՆ) ՎԱՇՏՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձաժողովի գործունեության կարգը:

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է մրցույթ, որի տեղի և ժամկետի, վաշտի համալրման ենթակա հաստիքների քանակի մասին իրազեկումն իրականացվում է mil.am կայքում և լրատվամիջոցներով, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ: Մրցույթին կարող են մասնակցել առնվազն բակալավրի կրթական ծրագրով ավարտական վկայական ունեցող զորակոչիկները, որոնք գրանցվում են mil.am կայքում՝ լրացնելով համապատասխան հայտը: Տարածքային զինկոմիսարիատները ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են մրցութային հանձնաժողովի նախագահին: Անվանացուցակների հետ միասին ներկայացվում են նաև զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան բարձրագույն կրթության ավարտական վկայականի պատճենները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրությունը, զինվորական ծառայությանը առողջական վիճակի պատճառով պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանքը: Զորակոչիկը մրցույթին ներկայանալիս իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ mil.am կայքում գրանցված լինելու դեպքում՝ նաև սույն կետով նախատեսված այլ փաստաթղթերը:

3. Տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը չեն մասնակցում՝

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

 2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները:

4. Մրցույթի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է: Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերին, դիտորդի կարգավիճակով, կարող են ներկա լինել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, բայց ոչ ավելի, քան 2 անձ՝ մրցույթի մասնակից յուրաքանչյուր զորակոչիկի մասով, ինչպես նաև ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից և/կամ լրատվամիջոցներից: Մրցութային հանձնաժողովի և ենթահանձնաժողովների նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի և/կամ ենթահանձնաժողովների անդամների կեսից ավելին:

5. Մրցույթն անցկացվում է երեք փուլով:

6. Մրցույթի 1-ին փուլ. տրամաբանական թեստ (100-միավորանոց), որը անցկացնում է թեստավորման ենթահանձնաժողովը: Թեստի արդյունքում առնվազն 60 միավոր հավաքած մասնակիցները, բայց ոչ ավել, քան 50 հոգի, անցնում են մրցույթի հաջորդ փուլ: 50-րդ մասնակցի արդյունքի հետ հավասար միավոր հավաքած բոլոր մասնակիցները ևս իրավունք են ստանում մասնակցել 2-րդ փուլին: Այս փուլը հաղթահարած մասնակիցների արդյունքները բաժանվում են 10-ի և ենթահանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությամբ փոխանցվում է հանձնաժողովին:

7. Թեստավորման փուլը տևում է 4 օր, որից.

1) օր առաջին՝ թեստի անցկացում,

2) օր երկրորդ՝ թեստի արդյունքների հրապարակում mil.am կայքում և թեստի անցկացման վայրում փակցված ցուցակով, որից հետո 24 ժամվա ընթացքում մրցույթի մասնակից զորակոչիկները իրավունք ունեն բողոքարկել ստացված արդյունքները` հանձնաժողովի նախագահին: Բողոքարկման դիմումի ձևը հրապարակվում է mil.am կայքում,

3) օր երրորդ` հանձնաժողովի նախագահը բողոքարկման դիմումների հիման վրա, մրցույթի մասնակից զորակոչիկի ներկայությամբ կազմակերպում է նրա թեստի կրկնակի ստուգում, որի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն` հանձնաժողովի նախագահի և թեստավորման ենթահանձնաժողովի անդամների ստորագրությամբ,

4) օր չորորդ՝ փուլի վերջնական արդյունքները, ներառյալ բողոքարկման, հրապարակվում են mil.am կայքում և թեստի անցկացման վայրում փակցված ցուցակով:

8. Մրցույթի 2-րդ փուլ. մասնագիտական քննություն-հարցազրույց՝ բանավոր, ընդունում են մասնագիտական ենթահանձնաժողովները.

1) ֆիզիկա և ռադիոֆիզիկա,

2) օպտոէլեկտրոնիկա և ռադիոէլեկտրոնիկա,

3) նյութաբանություն և քիմիա,

4) կառավարման համակարգեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ,

5) ռոբոտիկա և ԱԹՍ,

6) մեքենաշինություն և սարքաշինություն:

9. Մրցույթի մասնակից զորակոչիկն ինքն է ընտրում մասնագիտական քննություն-հարցազրույցի ժամանակ վերը նշված մասնագիտություններից կամ գիտության ճյուղի որ ուղղությունից է քննություն հանձնելու՝ այդ մասին նախապես նշում կատարելով մրցույթին մասնակցության հայտում: Ենթահանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի մասնակից յուրաքանչյուր զորակոչիկի կարող է առավելագույնը երեք հարց (խնդիր) տալ: Այս փուլը գնահատվում է 10-բալանոց համակարգով: Ենթահանձնաժողովի յուրաքանչյուր անդամը մրցույթի մասնակից յուրաքանչյուր զորակոչիկի գնահատականների ամփոփաթերթն իր ստորագրությամբ փոխանցում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովը հաշվում է մրցույթի յուրաքանչյուր մասնակից զորակոչիկի քննություն-հարցազրույցի գնահատականների միջին թվաբանականը և բազմապատկում 1.5 գործակցով: 9 և ավելի միավոր հավաքածներն ընդգրկվում են 3-րդ փուլի մասնակիցների ընտրությանը: Երրորդ փուլի անցողիկ շեմի մասին իրազեկումը և մասնակիցների ցուցակը տեղադրվում է mil.am կայքում և փակցվում քննության անցկացման վայրում` արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:

10. Մասնագիտական քննություն-հարցազրույց փուլը տևում է 3 օր, որից.

1) օր առաջին՝ քննության անցկացում և գնահատականների հրապարակում mil.am կայքում և քննության անցկացման վայրում փակցված ցուցակով, որից հետո 24 ժամվա ընթացքում մրցույթի մասնակից զորակոչիկները իրավունք ունեն բողոքարկել ստացված արդյունքները` հանձնաժողովի նախագահին: Բողոքարկման դիմումի ձևը հրապարակվում է mil.am կայքում,

2) օր երկրորդ՝ հանձնաժողովի նախագահը բողոքարկման դիմումների հիման վրա, մրցույթի մասնակից զորակոչիկի ներկայությամբ, կազմակերպում է նրա քննության տեսաձայնագրության դիտում, որի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն` հանձնաժողովի նախագահի և տվյալ ենթահանձնաժողովի անդամների ստորագրությամբ,

3) օր երրորդ՝ փուլի վերջնական արդյունքների, ներառյալ բողոքարկման, հրապարակում mil.am կայքում և քննության անցկացման վայրում փակցված ցուցակով:

11. Մրցույթի 3-րդ փուլ. հարցազրույց, որն անցկացնում է հանձնաժողովը: Այս փուլում հանձնաժողովի անդամները միասին հարցազրույց են անցկացնում մրցույթի յուրաքանչյուր մասնակից զորակոչիկի հետ ու առանց քննարկման առանձին գնահատում: Փուլի գնահատականները ձևավորվում են հանձնաժողովի անդամների նշանակած անհատական գնահատականների միջին թվաբանականների հաշվարկով: Մրցույթի այս փուլով գնահատվում են մրցույթի մասնակից զորակոչիկների հետևյալ ունակությունները (կարողությունները).

1) կոլեկտիվում աշխատելու ունակությունները և փորձը.

2) ստեղծագործական ունակությունները:

12. Սույն կարգի 11-րդ կետում նախատեսված ունակություններից (կարողություններից) յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից 5-բալանոց համակարգով: Փուլը հաղթահարում է մրցույթի մասնակից այն զորակոչիկը, ում գնահատականների միջին թվաբանականի գումարը կկազմի առնվազն 6: Գնահատականները որոշվում են հետևյալ կերպ. հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի կողմից տվյալ զորակոչիկին նշանակված գնահատականներից երկու ամենաբարձր և երկու ամենացածր գնահատականները հաշվի չեն առնվում և հաշվվում են մնացած գնահատականների միջին թվաբանականները` հարյուրերորդականի ճշտությամբ: Մրցույթի երրորդ փուլի արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները:

13. Մրցույթի ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները` գումարելով երեք փուլերի գնահատականները և նույն օրն իրազեկում մրցույթի մասնակից զորակոչիկներին՝ իրենց հավաքած ընդհանուր միավորների մասին: Տեխնոլոգիական (գիտական) վաշտում, բացառությամբ 15-րդ կետում նշված դեպքի, զինվորական ծառայության նշանակվելու իրավունք են ստանում այն զորակոչիկները, որոնք մրցույթի երեք փուլերի արդյունքում հավաքում են ամենաբարձր միավորները:

14. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների հիման վրա կազմում է այն զորակոչիկների անվանացուցակը, ովքեր իրավունք են ստացել զինվորական ծառայության նշանակվելու տեխնոլոգիական (գիտական) վաշտում և ներկայացնում է պաշտպանության նախարարի հաստատմանը:

15. Տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակվողների մասնագիտական քանակային համամասնությունն ապահովելու նպատակով զորամասում յուրաքանչյուր մասնագիտությունից ծառայության է նշանակվում տվյալ զորակոչի համար նախատեսված ընդհանուր հաստիքների քանակի 25%-ից ոչ ավելին: Այս դեպքում հնարավոր է, որ մի մասնագիտությունից մրցույթը հաղթահարած, ավելի ցածր միավոր հավաքած մասնակից զորակոչիկը ծառայության անցնի տեխնոլոգիական (գիտական) վաշտում, իսկ նրանից բարձր միավոր ունեցող այլ մասնագիտության 25%-ից դուրս մնացածը՝ չնշանակվի: Վաշտի չհամալրված հաստիքները այլ մասնագիտության 25%-ից դուրս մնացած զորակոչիկներով չեն համալրվում:

16. Այն դեպքում, երբ որևէ մասնագիտության գծով նախատեսված տեղերի ընդհանուր քանակից ավելի թվով մրցույթի մասնակից զորակոչիկներ հավաքում են հավասար միավորներ, ապա, հաշվի առնելով սույն կարգի 15-րդ կետի պահանջները, նրանց միջև անցկացվում է վիճակահանություն՝ սույն հրամանի հավելված 1-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի պահանջների համաձայն:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հիման վրա գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած ու տարկետման ժամկետի ավարտից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա և տեխնոլոգիական (գիտական) վաշտի համալրման մրցույթին մասնակցած զորակոչիկները, սույն կարգով սահմանված այլ հավասար պայմանների ապահովման դեպքում՝ օգտվում են տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակվելու նախապատվության իրավունքից:

18. Զինվորական ծառայության ընթացքում տեխնոլոգիական (գիտական) վաշտում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել