Կոտայքի մարզում անվճար իրավաբանական օգնության կտրամադրվի․ հուշագիր է ստորագրվել

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2018թ. հոկտեմբերի 17-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատից։

Հուշագրի շրջանակներում կողմերը պատրաստվում են համագործակցել մարզի բնակիչների համար իրազեկման ծրագրերի իրականացման, անվճար և արդյունավետ իրավաբանական օգնության տրամադրման ուղղություններով:

Ողջունելով ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչներին` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Այս ոլորտում Փաստաբանների պալատի հետ համատեղ ուշագիր ստորագրելով՝ հստակ ամրագրում ենք իրավագիտակցության բարձրացման առնվազն տեխնիկական անհրաժեշտություն համարվող քայլերից մեկը։ Նպատակը շատ հստակ է․ մարզում հասանելի դարձնել փաստաբանի ինստիտուը և հանրային պաշտպանին հասու դարձնել մարզի օրենքով սահմանված խմբերին»։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց համագործակցությանը սկիզբ դնելու ջանքերի համար և հայտնեց, որ հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները նպաստելու են հանրային իրավագիտակցության բարձրացմանը: «Ցանկանում ենք այս համագործակցությամբ նպաստել իրավական մշակույթիբարձրացմանը:

Բոլորս էլ լավ գիտենք, որ մարդը և նրա իրավունքներն ու ազատությունները պետության կողմից ճանաչված բարձրագույն արժեք են: Եվ այս առումով մեր բոլորի ջանքերը կարծում եմ ուղղված են մարդուն կարևորելուն և նրանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելուն»,-արձանագրեց Արա Զոհրաբյանը:

Ըստ հուշագրի Կոտայքի մարզպետարանը վարչական շենքում անվճար տրամադրելու է տարածք  ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Հրազդան քաղաքի նստավայրը տեղակայելու համար: Կողմերի համաձայնությամբ տարածքից օգտվելու իրավունք ունեն նաև մարզի տարածքում գործունեություն իրականացնող այն փաստաբանները, ովքեր  չունեն փաստաբանական գործունեություն  իրականացնելու տարածք: Իր հերթին ՀՀ փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնել տարածքում ապահովել հանրային պաշտպանների և փաստաբանների բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև մարզի ավագ դպրոցներում սեմինարներ կազմակերպել աշակերտներին Մարդու իրավունքների մասին իրազեկելու և փաստաբանի մասնագիտության հիմունքներին ծանոթացնելու նպատակով: Հանրային պաշտպանների, ինչպես նաև տարածքը զբաղեցնող փաստաբանների միջոցով  յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր մարզի բնակիչների համար կազմակերպելվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Կողմերը պայմանավորվել են անվճար իրավաբանական խորհրդատվության և տարածքների տրամադրման հարցերը քննարկել նաև մարզի մյուս քաղաքների (Աբովյան և Եղվարդ) համար։

Նշենք, որ մարզում գործում է 6 հանրային պաշտպան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել