Իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Բաղանիս

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ՝ Բաղանիս գյուղի բնակիչներին իրավական աջակցություն տրամադրելու նպատակով։

Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել վերջերս Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մարզային այցի ժամանակ, երբ բնակիչները բարձրացրել էին ինչպես անհատական, այնպես էլ համակարգային բնույթի մի շարք խնդիրներ։

Խորհրդատվության ժամանակ պարզվել է, որ հիմնական խնդիրը կապված է բնակիչների կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքի (հողատարածքների) նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու, մասնավորապես՝ գույքը ժառանգությամբ փոխանցելու ընթացակարգի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցումների համար հիմք հանդիսացած տվյալների անճշտությունների վերացման հետ:

Մասնագետները գյուղի բնակիչների մի մասին խորհրդատվություն են տրամադրել տեղում, մյուսներին՝ ուղղորդել կոնկրետ պահանջներով դիմել տարածքի հանրային պաշտպաններին դատարան հայցեր ներկայացնելու հարցում աջակցություն ստանալու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նախագահի պայմանավորվածության համաձայն՝ քաղաքացիներին համատեղ իրավական աջակցություն ցուցաբերելու պրակտիկան կկրի պարբերական բնույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել