Մի շարք տարածքներում կարգելվի ծխելը, իրացման արգելքներ կներդրվեն, գովազդի սահամանփակումներ կլինեն․ նոր նախագիծ

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համատեղ շրջանառության մեջ է դրվել նաև մի շարք հարակից օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու նախագծեր:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ ծխախոտի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում  հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է: Մի շարք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ)-ի զարգացումը պայմանավորված  է ծխախոտի օգտագործմամբ:

Իրավական ակտի ընդունման դեպքում

ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտի փոխարինիչների, օգտագործումը կարգելվի՝

  • փակ և կիսափակ հանրային տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները,
  • աշխատանքային տարածքներում անկախ սեփականության ձևից.
  • հետևյալ բաց հանրային տարածքներում`

ա. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում,

բ. նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում,

գ. մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում,

դ. երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում,

ե. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ  այն պատմության և մշակույթային անշարժ հուշարձանների որոնք համարվում են բնակելի տներ,

զ. բնության հատուկ պահպանվող տարածքներում,

է․ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց  գործունեության տարածքներում,

ը. հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ,

թ. այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.

ժ. hյուրանոցային տնտեսության օբյեկտների տարածքներում (առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները):

  • Ձերբակալվածների, կալանավորվածների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն և կանխարգելմանն ուղղված միջոցառումները իրականացվում են սույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության և առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինների սահմանված կարգին համապատասխան:
  • Զորամասերում և զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:
  • Ջրային և երկաթուղային տրանսպորտում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման համար հատկացվող տարածքների, դրանց առանձնացման և կահավորման պահանջները սահմանվում են տրանսպորտի և կապի ու առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինների համատեղ հրամանով:

Նախատեսվում են ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների իրացման արգելքներ

1.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ կամ ծխախոտի փոխարինիչներ վաճառել կամ որևէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց: Եթե վաճառողի կամ որևէ այլ եղանակով իրացնողի կողմից կասկածներ են առաջացնել գնորդի կամ որևէ այլ եղանակով ձեռքբերողի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք ունի պահանջելու Հայաստանի Հանրապետության օրնեսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ և դրա չներկայացման դեպքում չվաճառել կամ որևէ այլ եղանակով չիրացնել ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ կամ ծխախոտային փոխարինիչներ:

2.Արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ կամ ծխախոտի փոխարինիչներ վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը:

3․Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու և մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով):

4.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ավտոմատների  կամ մեխանիկական սարքավորումների  կամ Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցներով:

5.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտի փոխարինիչների, վաճառքն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը:

6․Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտ փոխարինիչների, բացառությանմբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտի փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Ծխախոտի արտադրատեսակների ցանկը գներով վաճառողի կողմից տրամադրվում է չափահաս անձին` վերջինիս պահանջով: Ցանկը վաճառասրահում չի փակցվում:

7.Արգելվում է՝

  • ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ մեկ սպառողական փաթեթում քսան հատ սիգարետից ավելի կամ պակաս լինելու դեպքում,
  • սիգարետի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը,
  • միևնույն սպառողական փաթեթում ծխախոտային արտադրատեսակի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ծխախոտային արտադրանք չհանդիսացող ապրանքների հետ:

8․Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը՝

  • բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում` բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտի փոխարինիչների,
  • նախադպրոցական, հանրակրթական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում,
  • մանկապատանեկան կազմակերպությունների տարածքներում,
  • բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,
  • թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում,
  • մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում,
  • հանրային սննդի օբյեկտներում  (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),
  • պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,
  • բնության հատուկ պահպանվող տարածքներում,
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկներ պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց  գործունեության տարածքներում,
  • տրանսպորտում (ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն),
  • օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում:

Մի շարք արգելքներ են նախատեսված նաև գովազդի, հովանավորության և առաջխաղացման վերաբերյալ։

Պետք է նշել, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ծխելու դեմ պայքարում հաջողված փորձ ունեցող առաջադեմ երկրների, ինչպիսին են, օրինակ, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի,  ինպես նաև Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի, մեր հարևան երկրներից Վրաստանի փորձը:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի հասնել Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը,  պահպանել բնակչության առողջությունը` պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից և  նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները` կրճատելով ծխախոտի օգտագործումը:

Հակածխախոտային օրենսդրության փոփոխությունը թույլ կտա կատարել ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի հիմնական պահանջները, որը վավերացված է Հայաստանի Հանրապետության կողմից: 

Հավելենք, որ իրավական ակտերի նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի համապատասխան սոտրաբաժանումների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել