«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ նույն պայմանագրով նախատեսված դեպքերի։ Տվյալ դեպքում Միության անդամ երկրից ավտոմեքենայի ներմուծման դեպքերում մաքսային ընթացակարգերով ձևակերպումներ չեն իրականացվում և ներմուծման մաքսատուրքեր չեն գանձվում:
Ինչ վերաբերում է ավտոմեքենան ՌԴ-ից ՀՀ ներմուծելու դեպքում վճարվող հարկերին, ապա «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 71-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքները հարկվում են անուղղակի հարկերով։ Միաժամանակ, նույն պայմանագրի 72-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն անուղղակի հարկեր չեն գանձվում, երբ անդամ պետության տարածք են ներմուծվում ապրանքներ, որոնք այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածք ներմուծելու դեպքում ենթակա չեն հարկման (ազատվում են հարկումից):
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը, ուստի նշված դեպքում ՀՀ մշտական բնակության ժամանող քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի ներմուծման գործարքի նկատմամբ ԱԱՀ չի հաշվարկվում և վճարվում (անկախ երկքաղաքացիության հանգամանքից):
Միաժամանակ, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է հանդիսանում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան ՀՀ ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան ՀՀ ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ ՀՀ մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան ՀՀ որպես մշտական բնակիչ հաշվառվելը: