Ջասթին Թրյուդոն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնել:

Տեղի ունեցավ մեր խոսակցությունը, տեղի ունեցան բանակցություններ Կանադայի վարչապետի գլխավորությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության հետ:

Ես նախևառաջ ուզում եմ ասել, որ ողջունում եմ պարոն Թրյուդոյի այցը Հայաստանի Հանրապետություն: Պարոն Թրյուդոն Կանադայի առաջին վարչապետն է, որ պաշտոնական այցով այցելում է Հայաստան, և սա, ըստ էության, պատմական իրադարձություն է, և ես հույս ունեմ, որ այս պատմական իրադարձության արդյունքում մեր հարաբերություններում պատմական զարգացումներ կլինեն:

Մենք քննարկեցինք մեր հարաբերություններին և միջազգային կյանքին վերաբերող հարցերի բավական լայն շրջանակ: Ընդ որում՝ այդ բանակցությունները երեկվանից էին սկսել, երբ պարոն վարչապետի հետ դեմառդեմ հանդիպում ենք ունեցել և քննարկել ենք և՛ ներհայաստանյան, և՛ միջազգային, և՛ տարածաշրջանային կյանքին վերաբերող հարցեր: Եվ ուրախ եմ արձանագրել, որ բազմաթիվ հարցերի վերաբերյալ և ըստ էության, բոլոր հարցերի վերաբերյալ, մենք ունենք ընդհանուր պատկերացումներ: Կանադայի վարչապետը լավ տեղեկացված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություննÕ �րի մասին և, ըստ էության նաև, ուրախ եմ, որ ունենք պարոն Թրյուդոյի նման հեղինակավոր քաղաքական գործչի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման, օրենքի իշխանության զարգացման գործում: Որևէ կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն ամուր հենված են ժողովրդավարական արժեքների վրա, և մենք այդ ճանապարհով վստահ քայլերով գնալու ենք առաջ:

Ինչ վերաբերում է Հայաստան-Կանադա հարաբերություններին, այստեղ, իհարկե, մենք ունենք շատ լավ մթնոլորտ, և մենք հստակ ձևակերպեցինք խնդիր, որ այդ լավ մթնոլորտն անհրաժեշտ է վերածել լավ գործերի, որպեսզի ավելի շոշափելի համագործակցություն տեղի ունենա մեր երկրների կառավարությունների, գործարար շրջանակների միջև:

Պարոն վարչապետի հետ խոսեցինք նաև մարդկային կապերի ամրապնդման կարևորությունից, որովհետև երկրների հարաբերություններն առաջին հերթին մարդկանց հարաբերություններ են, և եթե հենց այդ տեսակետից գնահատենք իրավիճակը, կարող ենք ասել, որ իսկապես Հայաստանի և Կանադայի հարաբերությունները փայլուն են, որովհետև այս ընթացքում մենք մի քանի անգամ հանդիպելու առիթ ենք ունեցել պարոն Թրյուդոյի հետ, և կարող եմ արձանագրել, որ ես իրեն այլևս այս հանդիպումների արդյունքում համարում եմ լավ ընկեր, լավ բարեկամ՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Õ �այ ժողովրդի, ինչը հայտնի կարգավիճակ էր նաև այս հանդիպումներից առաջ, բայց նաև անձամբ իմ ընկերը, իմ բարեկամը:

Ես ուզում եմ նաև իմ հիացմունքն արտահայտել պարոն Թրյուդոյի անցած քաղաքական ճանապարհի և այն գործունեության համար, որ նա իրականացնում է իր երկրում և բազմաթիվ մարդկանց, երիտասարդների ոգեշնչում է լավատեսությամբ ոչ միայն իր երկրում, այլև ողջ աշխարհում:

Ուրախ եմ, պարոն վարչապետ, հարգելի, սիրելի Ջասթին, ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում, ողջունել քեզ Հայաստանի Հանրապետությունում և հույս ունեմ և համոզված եմ, որ իրար հետ հանդիպելու, խոսելու դեռ բազմաթիվ առիթներ կունենանք: Հույս ունեմ, որ այդ շփումներն իսկապես կոնկրետ արդյունքներ կբերեն մեր երկրների հարաբերությունների՝ մեր տնտեսական կապերի, քաղաքական կապերի, մշակութային կապերի խորացման համար:

Շնորհակալ եմ:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո – Շնորհակալություն, որ բարեկամության խոսքով մեզ դիմեցիք, շնորհակալություն այսօրվա համար:

Ակնհայտորեն ուզում եմ այսօր շնորհակալություն հայտնել նաև հայ ժողովրդին և պարոն Փաշինյանին՝ արտակարգ ընդունելություններ ցուցաբերելու համար: Շատ հաճելի էր Ձեզ տեսնել նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժողովին, և մեր բարեկամությունը Դուք էլ ավելի ամրացրեցիք նաև այս շաբաթվա ընթացքում:

80-ական թվականներին ես Հայաստան այցելել եմ իմ հոր և եղբայրների հետ և այսօր պետք է ընդունեմ, որ մենք շարունակում և բազմապատկում ենք այդ օրերից ի վեր մեր երկրների կապերը:

Ես անցյալ շաբաթ առիթ ունեցա նաև այստեղ՝ Երևանում, մասնակցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին և ամբողջ թիմին այդ միջոցառումները սքանչելի կազմակերպելու համար: Հասկանում եմ, որ շատ մեծ աշխատանք և ջանք է պահանջվում նմանօրինակ միջազգային միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, և մենք միասին կաշխատենք նաև դրա հռչակած ընդհանուր նպատակների համար: Ուզում եմ հռչակել նաև մի նոր կանադական նախաձեռնություն՝ Սենեգալի կանանց ինքնավարությունն ավելացնելու համար և 18 մÕ �ն դոլար սեռական բռնությունների դեմ պայքարելու համար Կոնգոյում: Կասկած չկա, որ ֆրանկոֆոն երկրները գնալով մեզ բոլորիս համար կապահովեն նաև ավելի մեծ բարեկեցություն:

Այստեղ Երևանում ես հնարավորություն ունեցա նաև այցելելու Ցեղասպանության հուշահամալիր. շատ զգացմունքային փորձառություն էր դա: Աշխարհը պետք է պահպանի հիշողությունը, մենք պետք է ասենք այլևս երբեք:

Այսօր ես և պարոն վարչապետը շարունակեցինք մեր քննարկումները: Այս հանդիպումը հնարավորություն տվեց մեզ քննարկել մեր ընդհանուր արժեքները, ժողովրդավարությունը և հայ-կանադական հարաբերությունների վիճակը՝ հիմնված հարգանքի և բարեկամության վրա:

Ես համարում եմ, որ այս օրը կարևոր է նաև Կանադայի սփյուռքահայ համայնքի համար: Մարդիկ իսկապես մեր երկու երկրների հատուկ հարաբերությունների կենտրոնում են: Կանադայում 60.000-անոց կանադահայ համայնք կա, որը հարստացնում է մեր ազգի, երկրի համայնապատկերը: Ինչպես ասել է Սարգիս Ասատրյանը՝ Կանադայի խորհրդարանի առաջին կանադահայ անդամը, կանադահայերը շարունակում են իրենց տաղանդն ի սպաս դնել հանուն ավելի լավ Կանադա կառուցելու համար, և 20 տարի անց սա նույնքան ճշմարիտ է, ինչպես երբևէ եղել էր:

Ձեր համայնքն ապացուցում է այն փաստը, որ բազմազանությունն իսկապես Կանադայի ամենաուժեղ կողմերից մեկն է: Ճիշտ ինչպես հայերն այստեղ Երևանում ողջունեցին սիրիացի փախստականներին, կանադահայերը նույնպես գրկաբաց ընդունեցին, սրտները բացեցին սիրիական ընտանիքներին, որոնք, փախչելով կոնֆլիկտից, ժամանեցին Կանադա: Մենք սատարում ենք նորեկներին, նրանք հաջողություն են կառուցում և հետո իրենց հերթին օգնում մյուս ընտանիքներին հարմարվել: Մեր երկու երկրների քաղաքացիները մեր ընդհանուր պատմությունն են գրում՝ միաժամանակ հիմք գցելով նաև ապագայի մեր նոր հարաբերությունների համար:

Ես և Նիկոլը քննարկեցինք մեր ընդհանուր ապագան: Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ: Օրինակ՝ մենք որոշեցինք դյուրացնել մեր երկու երկրների միջև ճանապարհորդողների խնդիրները: Հիմա 21 ժամ է պահանջվում ավիաընկերություններով Օտտավայից Երևան ճամփորդելու համար: Այսօր ես և վարչապետ Փաշինյանը նախատեսեցինք քննարկել օդային փոխադրումների մասին երկկողմանի հնարավոր համաձայնագրի հնարավորությունները: Ես աշխատելու եմ նաև վարչապետի հետ՝ դյուրացնելու համար զբոսաշրջիկների ընտանքիների և գործարարների շփումները:

Ճիշտ ինչպես մեր երկու երկրները ժողովուրդների կապերով են միացված, մեզ միացնում են նաև ընդհանուր արժեքները, որոնք մենք դավանում ենք, ինչպես ժողովրդավարությունը: Մեր հանդիպումներում ես ու Նիկոլը խոսեցինք այն մասին, թե ինչ կարող ենք անել մեր ընդհանուր նվիրվածությանը սատարելու և ժողովրդավարական հաստատություններն ամրացնելու համար, հաստատություններ, որոնք պայծառ ապագա են կառուցում մեր բոլոր քաղաքացիների համար: Ահա թե ինչու Կանադան մեկնարկել է նաև «Առնոլդ Չան նախաձեռնությունը հանուն ժողովրդավարության»: Մենք միասին կստեղծենք փայլուն մի ապագա ամբողջ աշխարհի համար: Այս նախաձեռնությունը հայկական կազմակերպություններին կխթանի ներգրավել երիտասարդներին և կանանց քաղաքական պրոցեսների մեջ և նաև շրջակա միջավայրի խնդիրներին կանդրադառնա:

Իմ բարեկամն ու ընկերը՝ երջանկահիշատակ Առնոլդ Չանը, արտակարգ պատգամավոր էր: Նա նվիրված էր մարդկանց և իր համայնքին ծառայության գործին, ուստի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ավելի լավ ձև չեմ կարող պատկերացնել, քան մի նախաձեռնություն, որն իր ամբողջ կյանքի նվիրմանն է համապատասխանում՝ բոլորին հնարավորություն տալով հասնելհաջողության և իր ձայնը լսելի դարձնել: Որպես կանադա-հայկական բարեկամության խորհրդի անդամ՝ նրա աշխատանքը հիմքեր դրեց մեր այսօրվա կապերի համար, ուստի մի պահ ուզում եմ նաև Ջինիին այստեղ ձեզ ներկայացնել՝ Կանադայի խորհրդարանի անդամ: Ջին, շնորհակալություն, որ մեզ հետ ես, երջանկահիշատակ Չանի տիկինը: Շատ կարևոր էր Առնոլդի համար կանադահայ համայնքի հետ աշխատելը՝ լինի դա տեղական միջոցառումներում, թե Տորոնտոյի հայկական համայնքային կենտրոնում: Գիտեմ, որ Դուք նրա փոխարեն շարունակում եք դա անել:

Մեր այսօրվա հայտարարությունը Առնոլդի ժառանգությունն առաջ է տանում՝ ամրացնելով ծաղկուն հարաբերությունները Կանադայի և Հայաստանի միջև: Այս հանդիպումը միայն սկիզբն է դնում մեր համագործակցության: Կանադան ստեղծել է անկախ օմբուդսմենի պաշտոն, որը պատասխանատու կլինի ձեռնարկատիրության համար: Նա կաշխատի նաև Հայաստանի հետ, որպեսզի մեր երկու երկրների միջև կապերն էլ ավելի մոտեցվեն՝ առաջ քաշելով մեր ընդհանուր արժեքները և գերակայությունները:

Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Նիկոլին՝ ինձ Հայաստանում ընդունելու համար: Բարեկամությունը, որին նա անդրադարձավ, մեր միջև անհերքելի է. մենք սքանչելի զրույցներ ունեցանք միասին, մեր հույսերը և երազանքները ոչ միայն մեր ծառայած ժողովուրդներին են վերաբերում, այլ նաև ամբողջ աշխարհին, որի մասն ենք կազմում այն արժեքների հետ, որոնք մեզ կապում են ավելի ուժեղ, ավելի խորը ժողովրդավարության տեսլականին, որը խարսխված կլինի բոլոր քաղաքացիների հզորացման և առաջ շարժվելու ունակության վրա՝ իրապես արդար, բոլորին հնարավորություններ ընձեռող հասարակություն ստեղծելու համար: Սա մեզ իսկապես շատ է մերձեցնում, և մենք գիտենք, որ կշարունակենք հետայսու նաև գալիք ամիսների, տարիների ընթացքում այս խոսակցությունները:

Շատ շնորհակալություն:

Հարց – Եթե հնարավոր է և′ անգլերեն, և′ ֆրանսերեն պատասխանեիք իմ հարցին: Վարչապետ Թրյուդո, Դուք եկել եք այս զգացական պահերից հետո, երբ այցելել էիք Ցեղասպանության հուշահամալիր, բայց նաև Հայաստանում եք սոցիալ-քաղաքական շատ արագ փոփոխությունների ընթացքում: Դուք արդեն քննարկեցի՞ք դա Ձեր գործընկերոջ հետ: Ինչպե՞ս եք դուք երկուսդ տեսնում ձեր երկու երկրների հարաբերությունների ապագան՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք այժմ տեղի են ունենում և իհարկե նաև հիշելով, որ կա որոշակի անորոշություն, քանի որ ընտրություններ են Հայաստանում նախատեսվում:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո- Նախևառաջ, Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները շատ ավելի խոր արմատներ ունեն, քան երկու առաջնորդների միջև հարաբերությունները: Սա մի բան է, որը խարսխված է նաև սփյուռքահայ համայնքի մեր երկար պատմական կապերի, ինչպես նաև այն խանդավառության վրա, որը մենք ունենք ապագայի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ: Մենք երկար խոսեցինք Նիկոլի տեսլականի մասին՝ առ այն, թե ինչպես առաջ շարժվել ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին հարիր, և ինչպես ես եմ դա պատկերացնում: Նա հասկանում է, որ ժողովրդի վստահությունը շահելը կառավարության հանդեպ պետական հաստատությունների և հասարակություն ձևավորելու դերի հանդեպ՝ որպես ակտիվ քաղաքացիներ էական և կենտրոնական առանցք է հանդիսանում կուռ տնտեսություն կառուցելու, ներառողական համայնքներ կառուցելու և հետայսու վստահաբար մենք շարունակելու ենք միասին աշխատել այս ուղղությամբ գալիք տարիների ընթացքում: Մենք զրույցներ ունեցանք Հայաստանի ապագայի, հայ-կանադական հարաբերությունների ապագայի մասին և շատ ներշնչող է դա: Նիկոլն ընդգծեց այն բանի կարևորությունը, որ քաղաքացիներին պետք է վստահություն հաղորդել, կոչ անել նրանց ակտիվորեն ներգրավել հասարակական և քաղաքական անցուդարձին, որը կօգնի ավելի կուռ ապագա կառուցել: Մենք մտադիր ենք նաև հետագայում աշխատել այս ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, երկրների հարաբերությունները, ժողովուրդների հարաբերություններն առանձին վերցրած քաղաքական գործիչների հարաբերություններ չեն: Բայց հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, հետևյալն է, որ վարչապետի կարգավիճակում գտնվող մարդը ներկայացնում է ժողովրդին, և վարչապետի կարգավիճակում գտնվող մարդը սրանից հետո, ընդմիշտ, այլևս ներկայացնելու է ժողովրդին: Եվ ընդ որում ներկա քաղաքական իրողության կարևորագույն առանձնահատկությունը և ապագայի վերաբերյալ մեր տեսլականի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարի կարգավիճակում գտնվող մարդը պետք է ներկայացնի և ցանկալի է ներկայացնի ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլև ընդհանրապես հայ ժողովրդին: Պետք է արձանագրել, որ այն քաղաքական փոփոխությունները, որ Հայաստանում տեղի են ունեցել, այդ քաղաքական փոփոխությունների ակտիվ մասնակից են եղել ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ միայն Հայաստանում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլև ընդհանրապես ողջ հայությունը: Մենք ակտիվ աջակցությÕ �ւն ենք ստացել նաև Կանադայի հայությունից, Ռուսաստանի հայությունից, Միացյալ Նահանգների հայությունից: Ըստ էության, չկա աշխարհում որևէ հայ համայնք, որը աջակցություն չի ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը: Եվ առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների առանցքային իմաստը նույնպես սա է, որ Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովում, կառավարությունում, ընդհանրապես պետական կառավարման բոլոր մարմիններում պետք է լինեն մարդիկ, ովքեր ներկայացնում են ժողովրդին, ովքեր ներկայացնում են ժողովրդի կարծիքը, ովքեր այդտեղ հայտնվել են ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքում: Սա է հիմնական քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում, և որևէ ընտրություն այս իրողությունը չի փոխելու՝ ոչ թե այն իմաստով, որ նույն մարդիկ են անընդհատ ներկայացնելու ժողովրդին, այլ այն իմաստով, որ նրանք, ովքեր հայտնվեն վարչապետի կարգավիճակում, նրանք պետք է լինեն լիազորված ժողովրդի կողմից: Դա կարող է լինել իքս մարդը, իգրեկ մարդը, երրորդ մարդը, բայց հիմնական իմաստն այն է, որ Հայաստանում այլևս երբեք ընտրությունների արդյունքները չեն կեղծվելոÖ ‚, և այլևս երբեք ժողովրդի կամարտահայտությունը չի արհամարհվելու: Սա է հիմնական քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում, և որևէ կասկած չկա, որ այս փոփոխությունը ոչ միայն տևական է, այլև ընդմիշտ ուղեկցելու է մեզ, որովհետև ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը իմ կամ մեր քաղաքական թիմի պատկերացումը չէ միայն, այլ մեր ողջ ժողովրդի պատկերացումն է, որովհետև հեղափոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում, ոչ թե մեր թիմն է արել, կամ առավել ևս ոչ թե ես եմ արել, այլ արել է ժողովուրդը, հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Նրանց է պատկանում բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, և այդպես լինելու է միշտ:

Հարց- Վարչապետ Թրյուդո, հարցը վերաբերում է Ձեր այսօրվա այցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ո՞րն է Ձեր արձագանքը, Դուք արդյոք մտադի՞ր եք այդ խնդիրը արծարծել, որ կան պետություններ, որոնք չեն ընդունում Ցեղասպանությունը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո – Կանադան վաղուց արդեն ընդունել և ճանաչել է հայ ազգի ողբերգական ցեղասպանությունը: Հայկական համայնքը Կանադայում վաղուց է ընդգծում անցյալի ողբերգությունները ոչ միայն հասկանալու, այլև երաշխավորելու կարևորությունը, որ հետայսու դրանք չեն շարունակվի և կրկնվի: Կանադան շատ կարևոր դեր է խաղում աշխարհով մեկ, մանավանդ վերջերս կոնկրետ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ՝ քաղաքացիների վրա նմանօրինակ ոճիրիների ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու համար, որպեսզի հաշվետվողականություն հաստատվի տարբեր ռեժիմների նման ոճիրների նկատմամբ: Մենք շարունակելու ենք ջատագովել միջազգային մակարդակով ընդունումն ու ճանաչումը՝ հասկանալով, որ անցյալի ճանաչումն առաջին քայլն է դեպի հաշտեցում և խաղաղություն ստեղծելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կցանկանայի ավելացնել. Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն անցյալի ճանաչման խնդիր չէ, այլև ապագայի կառուցման խնդիր, և շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի համար դա ունի երկու կարևոր իմաստ. առաջինը՝ Հայաստանն իր նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ պայքարին, որովհետև ցեղասպանություններ, ցավոք, 20-րդ դարում շարունակվել են և, ցավոք, նաև այդ սպառնալիքները վերացված չեն 21-րդ դարում, և Հայաստանը շատ կարևոր է համարում իր մասնակցությունը ցեղասպանությունների գլոբ ալ կանխարգելմանը:

Երկրորդը՝ մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև անվտանգության խնդիր է, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, մենք ունենք այսօր սպառնալիքի շատ նման պոտենցիալ, որովհետև կոնկրետ, օրինակ, մինչև հիմա Հայաստանի սահմանները փակված են Թուրքիայի կողմից, և Հայաստանը գտնվում է բլոկադայի մեջ: Եվ, ըստ էության, մեզ համար սա նաև անվտանգային սպառնալիք է: Մեր քննարկումների ժամանակ մենք խոսեցինք նաև Ղարաբաղի հարցի մասին, և ես ընդգծեցի շատ կարևոր է արձանագրել և միջազգային հանրության համար ավե լի ընկալելի դարձնել, թե, ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ ծագել է Ղարաբաղի հարցը, որովհետև, ցավոք, միջազգային շփումներում երբեմն տպավորություն է ստացվում, թե կան շրջանակներ, որոնք ընկալում են Ղարաբաղի խնդիրը որպես տարածքային վեճի խնդիր: Դա բացարձակապես այդպես չէ, որովհետև Ղարաբաղի հարցը ծագել է այն համատեքստում, որ Արցախում ապրող հայերի առաջ կանգնել է նոր ցեղասպանության սպառնալիքը, և աչքի առաջ ունենալով նախկին ցեղասպանության պատմությունը՝ մարդիկ ուղղակի ցանկացել են պաշտպանել և ցանկանում են պաշտպանել ապրելու իրենց իրավունքը: Մենք շատ խոսում ե նք բազմաթիվ իրավունքների մասին՝ խոսքի ազատություն, օրենքի գերակայություն, կանանց և տղամարդկանց հնարավորությունների հավասարություն, երեխաների իրավունքներ, ընտանեկան բռնություններ, որոնք շատ կարևոր թեմաներ են նաև մեզ համար, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Բայց Ղարաբաղի կոնֆլիկտը ծագել է այն պայմաններում, երբ մարդու ամենապրիմիտիվ իրավունքը՝ ապրելու իրավունքը, ուղղակի կանգնել է կոնկրետ սպառնալիքի առաջ: Այդ սպառնալիքն ավելի տեսանելի և ակնհայտ է եղել Ղարաբաղի հայության, Ղարաբաղի ժողովրդի համար, որովհետև նրանք աչքի առաջ ունեցել են նաև դարասկզբին՝ 1915 թվականի Մեծ եղեռնը:

Հարց – Հարցս ուղղում եմ Հայաստանի և Կանադայի վարչապետներին: Պարոնայք վարչապետներ, կուզենայի իմանալ ինչպե՞ս եք գնահատում այսօր հայ-կանադական բիզնես կապերը: Երևանյան բանակցությունների ընթացքում արդյոք քննարկվե՞լ են կոնկրետ ներդրումային ծրագրեր, և արդյոք հնարավո՞ր համարում եք, որ Հայաստանում դեկտեմբերին սպասվող արտահերթ ընտրություններից հետո ներդրումների հոսքն ավելի արագ կիրականացվի: Կանադահայ գործարարներն առաջնային են համարում Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը: Այս հարցը ևս քննարկվե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեր խոսակցության հենց առաջին իսկ րոպեներից Ջասթինը իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցել Հայաստանում կանադական ներդրումների ակտիվացմանը: Դա շատ կարևոր է, և երեկ մեր պետական ճաշին մասնակցում էին նաև կանադացի գործարարներ, ովքեր արդեն ունեն ներդրումներ Հայաստանում, ովքեր մտադիր են ընդլայնել ներդրումների ծավալը Հայաստանում, և իհարկե շատ կարևոր է նոր ներդրումների ներգրավումը Հայաստանի Հանրապետությունում: Ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր եմ համարում մեր խոսակցության այն հատվ ածը, որտեղ ես խնդրեցի Կանադայի վարչապետին, որպեսզի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանց իմաստը, բովանդակությունը ավելի ճիշտ փոխանցվի Կանադայի բիզնես միջավայրին, որովհետև դուք գիտեք, որ Հայաստանում տեղի են ունենում պրոցեսներ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, որոնք հասկանալիորեն երբեմն, հաճախ առնչվում են օտարերկրյա ընկերություններին: Շատ կարևոր է արձանագրել, որ այդ առնչությունները ոչ թե մեր գործողություններն են՝ հետագա ներդրումները կանխելու կամ որևէ ներդրողի Հայաստանից, պատկերավոր ասած, դուրս հրավիրելու համար, այլ ընդհակառ ակը. մենք ուզում ենք մի միջավայր ստեղծել, որտեղ ներդրումները պայմանավորված չեն, և տնտեսական գործունեությունը պայմանավորված չէ կառավարության կամ այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքներով: Եվ եթե կան դեպքեր, որտեղ հնարավոր է, որ ինչ-որ բան տեղի է ունեցել կառավարության կամ որևէ պաշտոնյայի քմահաճույքով, և կան տեղեր, որտեղ հաշվի չեն առնվել տարբեր շահեր, կամ հանրությունն ունի մտահոգություններ, որ հաշվի չեն առնվել շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված, հանրության շահերի հետ առնչվող հարցերը, մենք պետք է աշխատենք այդ հարցերի պատասխանները ոչ միաÕ �ն ստանալու, այլև որոշակի ստանդարտներ ստեղծելու համար, որպեսզի հետագայում նման իրավիճակները բացառվեն, և բոլորը՝ և′ հանրությունը, և′ ներդրողները, և′ կառավարությունը համոզված լինեն, որ ցանկացած որոշում և համագործակցություն չի կարող դուրս լինել հանրային, ազգային, պետական որևէ շահի շրջանակից: Եվ ուրախ եմ, որ այս հարցում մենք ունենք լիակատար ըմբռնում:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո – Խոսում էինք ներդրումային կապերը մեր երկրների միջև խորացնելու մասին: Արդեն գոյություն ունեն լավ ժողովրդական կոնտակտներ, կա սփյուռքը, կան տնտեսական ներդրումների սքանչելի և մեծ հնարավորություններ: Մենք քննարկեցինք մի քանի ոլորտներ, օրինակ՝ ջրային ռեսուրսների կառավարում, ենթակառուցվածքային ծրագրեր, կեղտաջրերի և կոշտ թափոնների կառավարում, բնական ռեսուրսներ: Սրանք են այն ուղղությունները, որոնց մասին մենք շարունակելու ենք գալիք ամիսների ընթացքում զրուցել: Ինչ վերաբերում է դեսպանատան հարցին, շատերն էին ինձ դրա մասին հարցնում. նախատեսում ենք մեր հարաբերությունները խորացնելուն զուգընթաց դիտարկել նաև այդ հնարավորությունը: Ինչքան ավելի շատ ժողովուրդների շփումներն ակտիվանան, և ներդրումներն ավելանան, ավելի անհրաժեշտ կդառնա դեսպանատուն բացելը: Այցի հենց սկզբից խոսեցինք Կանադայից Հայաստան ներդրումային հնարավորությունների մասին. մեծ հետաքրքրություն կա խմելու ջրի կառավարման ենթակառուցվածքը զարգացնելու հարցում: Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա, որոնք հետաքրքական են կանադական ընկերությունների, ինչպես նաև կանադահայ երի համար: Մենք շարունակելու ենք քննարկել այս հարցերը: Ինչ վերաբերում է դեսպանատանը, հույս ունենք ապագայում անդրադառնալ այդ հարցին: Մեր հարաբերությունների խորացման և տնտեսական, գործարար կապերի ընդլայնման, ինչպես նաև ժողովուրդների միջև կապերի աշխուժացման դեպքում էլ ավելի ակտուալ կդառնա դեսպանատան հարցը:

Հարց- Պարոնայք վարչապետներ, Դուք անդրադարձել եք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության կարգավորումը, մասնավորապես, հնարավոր բանակցությունների արդյունավետությունն ինչպե՞ս եք դիտարկում, եթե սահմանին անընդհատ կրակոցներ են հնչում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Կանադայի վարչապետին տեղյակ պահեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մեր ունեցած հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Իհարկե, Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բայց մենք կարևոր ենք համարում, որ մեր միջազգային գործընկերները տեղեկացված լինեն մեր պատկերացումների և իրավիճակի մասին: Իհարկե, մեր պատկերացումն այն է, որ հարցի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով: Մենք մեր պատկերացումներն ունենք հարցի կարգավորման շրջանակի և բովանդակության մասին, և նաև այդ պատկերացումները կիսում ենք մեր գործընկերների հետ:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո- Կանադան կոչ է անում շարունակել երկխոսությունը և խաղաղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Հուսով ենք, որ այն խաղաղ կհանգուցալուծվի բոլոր կողմերի միջև: Կոչ ենք անում շարունակել միջազգային գործընթացը, ինչպիսին է Մինսկի գործընթացը, և հուսանք՝ խնդիրը կլուծվի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Շնորհակալություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել