Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և Հայկ Կոնջորյանը նոր նախագիծ են ներկայացրել պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ:
Նրանք առաջարկում են օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր 2.2-րդ, 2.3-րդ եւ 2.4-րդ մասերով.
2.2. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին:
2.3. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 2.2-րդ մասով սահմանված տեղեկությունը պարտապանի հաշիվները սպասարկող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից ստանալուց հետո էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հանում է այն բանկում կամ այլ վարկային կազմակերպությունում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար:
2.4. Պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում հարկադիր կատարողը պարտապանի հաշիվներն սպասարկող բանկին կամ այլ վարկային կազմակերպությանն ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կատարված պարտավորության չափով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը:
Հանձնաժողովի հավանությունը ստանալու դեպքում նախագիծը կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգ: