Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի նիստի ժամանակ քննարկի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը ներկայացրած նոր օրենքի նախագիծը, որով կարգավորվում են 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները:
Oրենքի համաձայն՝ շահառուներ են համարվում այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:
Հեղինակները նշել են, որ անձի կյանքին պատճառված վնաս, օրենքի տեսանկյունից, կարող է համարվել
1) անձի մահանալը.
2)ստացված վնասվածքի կամ խեղման հետեւանքով անձի աշխատունակության կորուստը:
Անձի զոհված լինելու դեպքում շահառու կհամարվեն անձի՝
1) Ամուսինը.
2) Զավակը (զավակները).
3) Ծնողը (ծնողները):
2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե՝
1) անձը մահացել է մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կամ այդ իրադարձությունների ավարտից հետո՝ իրադարձությունների ժամանակ ստացված վնասվածքի կամ խեղման պատճառով:
2) անձը մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով ստացել է հաշմանդամություն:
Նախատեսված հատուցման գումարների չափերը, վճարման կարգն ու պայմանները սահմանվում է իրավասու պետական մարմնի որոշմամբ:
Նախագծի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ իրավասու պետական մարմինը անմիջապես սահմանում է սույն օրենքով նախատեսված հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները:
Հեղինակները նշել են, որ նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն:
Նախագծի հիմնական զեկուցողը Լենա Նազարյանն է: Այն նստաշրջանի օրակարգում դեռևս ընդգրկված չէ:
Եվգենյա Համբարձումյան