ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոնի Մարուքյանի ելույթը ի աջակցություն «Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրների, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձևի, որի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։
«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համազեկուցողներին այս արտառոց աշխատանքի համար, այն ինչ նրանք արել են իրապես աննախադեպ է։ Ինձ համար հարց է առաջանում, թե արդյո՞ք Ադրբեջանի պատվիրակ պարոն Մոլազադեն խոսում է Պահպանողական խմբակցության կողմից, քանի որ նա ներկայացնում է բացառապես Ադրբեջանի դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ։ Այդուհանդերձ, հույս ունեմ, որ Պահպանողական խմբակցությունը կողմ կքվեարկի այս բանաձևին։
Ինձ համար զարմանալի չէ, որ պարոն Մոլազադեն դեմ է արտահայտվում այս բանաձևին, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ու Լեռնային Ղարաբաղում հարձակվելով քաղաքացիական անձանց վրա, ISIS-ի (Իսլամական պետության) ոճով գլխատելով զինվորներին և հետո հայտարարում, որ դեմ են «գորշ գոտիներում» մոնիթորինգի անցկացմանը։ Գիտեք, հնարավոր է լինեն «գորշ գոտիներ», բայց չկան «գորշ մարդիկ»… մարդիկ հավասար են և պետք է պաշտպանված լինեն ու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն անօտարելի են և մենք չենք կարող շեղվել այս չափանիշներից։ Մյուս կողմից, ցանկանում եմ նշել, որ համաձայն Freedom House-ի զեկույցների, Լեռնային Ղարաբաղը դասվում է «մասնակի ազատ» երկրների շարքին, այն պարագայում, երբ Ադրբեջանը, նույն սանդղակով համարվում է «անազատ» երկիր։ Սա ևս մի ցուցանիշ է, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը դեմ արտահայտվում մարդու իրավունքների այսպիսի մեխանիզմների ներդրմանը։
Ես համոզված եմ, որ Եվրոպայի խորհուրդն ունի լիիրավ մանդատ այս բանաձևն ու այս կարևոր գործն առաջ տանելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները մարդկանց համար հասանելի դարձնելը նաև Խորհրդարանական վեհաժողովի պարտավորությունն է։ Ցանկանում եմ նաև տեղեկացնել այս հարգարժան կառույցին, որ Լեռնային Ղարաբաղը միակողմանիորեն վավերացրել է ՄԱԿ-ի և ԵԽ-ի կողմից ընդունված մարդու իրավունքների բազմաթիվ հռչակագրեր և դրանք կիրառելի են Լեռնային Ղարաբաղում, այսինքն դրանք կիրարկվում են ազգային օրենսդրության մակարդակում։ Սա չափազանց կարևոր քայլ է, որ արվել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, հետևաբար, ինչպե՞ս կարող ենք դեմ արտահայտվել այս բանաձևին։ Մենք ամբողջովին աջակցում ենք այս բանաձևին, լիահույս ենք, որ այն կընդունվի և նաև լիահույս ենք, որ չի լինի որևէ գոտի, լինի այն գորշ, կարմիր թե կանաչ, որ հասանելի չլինի կամ փակ լինի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար»: