Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը եւ  շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման եւ առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել