ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել էին անհրաժեշտ փաստաթղթեր և համապատասխան տեղեկատվություն:
Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինից։
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին նշված առանձնատան շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Դրա հետևանքով բացառվել է 357 միլիոն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինության կառուցապատողին օրենքով սահմանված կարգով դրա մեկ տոկոսի, այն է՝ 3.570.870 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս:
Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: