Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչել:
Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել նաև Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը, մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված «Պիետրո-Բերետտա» ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Վերջինս նշված ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին։
Դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել է Հ․Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։
Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանն ինքնասպանություն է գործել։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: