Սեպտեմբերի 26-ին, ժամը 16.20-ին, 1950 թ, ծնված Սուրեն Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 3.40-ից 4.55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը արտասահմանյան արտադրության մոխրագույն ավտոմեքենայով Աբովյանի քաղաքային մարզադաշտի հյուսիս-արեւելյան տարածքից գողացել է շուրջ 400 պլաստմասե նստարաններ:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սեպտեմբերի 30-ին, ժամը 18.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974թ. ծնված Կարեն Ղ.-ին, որը բացատրությամբ հայտնել է, որ նշված գողությունը կատարել է ընկերոջ՝ ոմն Հենդոյի հետ, իրեն պատկանող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով: Գողոնը վաճառել են: Երկրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հենդոն 41-ամյա Հենրիկ Հ․-ն է։ Բացատրական աշխատանքների արդյունքում նա հոկտեմբերի 5-ին, ժամը 13.05-ին, ներկայացել է Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է։