«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացման աշխատանքային խումբը ԵՄ աջակցող թիմի հետ համատեղ մշակել է ծրագրի շրջանակում ընդգրկվելիք շենքերի ընտրության չափորոշիչները:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրով նախատեսվում է բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների, բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Այդ տարածքների լուսավորությունն էլ կապահովվի LED լուսատուներով:
Որպես հիմնական չափորոշիչներ դիտվելու են աշխարհագրական բարենպաստ դիրքը, 9-14 հարկայնությունը, շենքերում երկու և ավելի մուքերի, առնվազն երկու վերելակների, հարթ ու վերանորոգված տանիքի, ինչպես նաև ՖՎ համակարգի յուրաքանչյուր 1կՎ հզորության համար առնվազն 10քմ տարածքի առկայություն: Առանձին նշված է նաև շենքի կառուցապատումից հետո նոր հարկերի ավելացման բացակայությունը:
Չափորոշիչներում առաջնահերթ է դիտարկվելու նաև սեյսմիկ անվտանգության ապահովման հարցը (վթարայնության առավելագույնը աստիճանը կարող է լինել 2-րդ կարգի): Այդ նպատակով նախատեսվում է անցկացնել առանձին փորձաքննություն: Բացի այդ, շենքերի բնակեցվածությունը պետք է լինի նվազագույնը 85 տոկոս:
Ի դեպ, նշենք, որ շենքերի ընտրության հարցում կարևոր սկզբունք է սոցիալական բաղադրիչը, այդ թվում ծրագրում ընդգրկվելիք շենքերում սոցիալապես անապահով ընտանիքների առկայություն՝ ընտանիքների անապահովության գնահատման «ՓԱՐՈՍ» համակարգում հաշվառված կամ որևէ այլ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների և (կամ) հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների և այլ խոցելի խմբերի առկայություն:
Չափորոշիչներով կարևորված է նաև արդյունավետ գործող համատիրություն ունենալը, և, իհարկե, ծրագրի իրագործման հարցում նրանց և շենքի բնակիչների համաձայնությունն ու պատրաստակամությունը:
Աշխատանքային խմբի կողմից համատիրությունների համար մշակվել է նաև հատուկ հարցաշար, որի արդյունքները կգնահատի ստեղծվելիք համապատասխան հանձնաժողովը:
Նշենք, որ առաջիկայում հանդիպումներ կկազմակերպվեն վարչական շրջանների համատիրությունների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելու ծրագիրն ու ծանոթացնելու հարցաշարերի լրացման կարգին: