Պարտադիր զինծառայությունից տարկետման համար դիմելու հետ կապված մի շարք փոփոխություններ են նախատեսվում

Կրթության և գիտության նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվող փոփոխություններն ուղղված են ապահովելու գիտության և կրթության, արվեստի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցող ուսանողներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորությունների իրացմանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սահմանված կարգով 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում գնահատվեցին գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների ձեռքբերումները և քննարկվեցին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նրանց տարկետում տալու հնարավորությունը: Արդյունքում ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք քաղաքացիներ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացան տարկետում: Տվյալ ժամանակահատվածում առաջացած տեխնիկական խնդիրները խոչընդոտեցին գործընթացի արդյունավետ իրականացմանը, որը հաշվի առնելով ներկայացվեցին նախագծով առաջարկվող փոփոխությունները:

Վերը նշված որոշման ամբողջ տեքստից հանվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված ոլորտների մասնագիտություններ» բառերը, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ գերակայություն ճանաչված ոլորտների մասնագիտությունների ցանկ սահմանված չէ, ինչպես նաև սույն փոփոխությամբ հնարավորություն կընձեռվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հավակնորդ շահառուների ցանկում ընդգրկել նաև արվեստի բնագավառում նշանակալի ձեռքբերում ունեցողներին:

Որոշման 3-րդ կետի փոփոխությամբ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները:

Որոշման հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետի խմբագրմամբ հստակեցվել է մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության շրջանակներում տվյալ բուհում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) պահանջը: Հավելվածի 5-րդ ենթակետի փոփոխությամբ դիմորդի՝ հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի որ հստակ, չափելի չափանիշներ սահմանված չէին այդ փուլի համար, որոնք հնարավորություն կտային օբյեկտիվ գնահատելու հարցազրույցի արդյունքները:

Հաշվի առնելով նշվածը՝ պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում ներկայացրած քաղաքացու մոտիվացիոն նամակի, գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերի պահանջը, հետևաբար իջեցվել են որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված կրթական ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները (մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 60-ից մինչև 35, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 65-ից մինչև 45 բալային միավոր), նկատի ունենալով, որ հարցազրույցի փուլը հանվել է և նախատեսված չափորոշչի համար սահմանված 20 բալային միավորը պակասել է:

Որոշման կարգի 9.1 կետով սահմանված է, որ յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման https://www.shanghairanking.com/# կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ:

Նշված կետը ևս հստակեցվել է, որպես հիմք ընդունելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման https://www.shanghairanking.com/# կայքի տվյալ տարվա գլխավոր ցանկը: Տարընթերցման տեղիք տվող «scholarship» բառը փոխարինվել է « կրթաթոշակ» բառերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել