Հանրապետության առաջատար սրտաբանական կենտրոններում սրտի վիրահատությունների արժեքը նվազել է․ ԱՆ

Սրտաբանական ծառայություններն առավել մատչելի ու հասանելի դարձնելու քաղաքականությունն արդեն տվել ու տալիս է իր արդյունքները. Երեւանի «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն այցի ժամանակ ԲԿ-ի անձնակազմի հետ հանդիպման ընթացքում այս մասին շեշտել է առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Մասնավորապես, այս տարվա հուլիսի 1-ից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ, «Պետության կողմից երաշխավորված սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատություններ» (Stent for Life) ծրագրի շրջանակներում սրտի ստենտավորումը ոչ դեղապատի փոխարեն կատարվում է արդեն դեղապատ ստենտով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 750 հազար դրամ՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն:
Կարեւոր է շեշտել նաեւ, որ հանրապետության առաջատար սրտաբանական կենտրոններում սրտի վիրահատությունների արժեքը եւս նվազել է՝ շնորհիվ վիրահատությունների համար անհրաժեշտ պարագաների մատակարարների հետ առողջապահության նախարարի ունեցած բանակցությունների:
ԲԿ-ում շրջայցի ժամանակ փոխնախարարը եւ մյուս հյուրերը ծանոթացել են կենտրոնում ներդրված նոր տեխնոլոգիաներին ու սարքավորումներին: Սերգեյ Խաչատրյանը մեծապես կարեւորել է հանրապետությունում ժամանակակից հագեցվածությամբ սրտաբանական կենտրոններ ունենալը, ոլորտում մրցակցության խթանումը: Փոխնախարարի խոսքով` ՀՀ ԱՆ քաղաքականությունն է սրտաբանական ծառայությունների այնպիսի որակի ու գնի ապահովումը, որ մեր քաղաքացիները չգերադասեն այլեւս  իրենց բուժումը փնտրել երկրից դուրս, փոխարենը Հայաստանը դառնա վիրահատությունների համար առավել գերադասելի երկիր:
«Նորք Մարաշ» ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Միքայել Ադամյանի փոխանցմամբ` կենտրոնն այժմ մշակում է հատուկ նորացված ծրագրեր, որոնք կարագացնեն հաստատության զարգացումը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել