Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հանրապետության նախագահին նամակ եմ գրել, որ Ազգային ժողովին սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելիս քննարկի նաև իմ թեկնածության հնարավորությունը․
1․ ունեմ 5 համալսարանական կրթություն (երկուսը՝ Հայաստանում, երեքը՝ Գերմանիայում),
2․ ունեմ և՛ հայկական (ԵՊՀ), և՛ գերմանական (Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարան) բարձրագույն իրավաբանական կրթություն,
3․ ունեմ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան սահմանադրական իրավունքի ոլորտում՝ շնորհված Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի կողմից,
4․ դոկտորական աշխատանքիս թեման եղել է հայկական և գերմանական սահմանադրական դատարանների համեմատությունը հիմնական իրավունքների պաշտպանության ոլորտում,
5․ ունեմ ՀՀ սահմանադրական դատարանում աշխատանքի 7,5 տարվա փորձ,
6․ 2014 թվականից պետական և սահմանադրական իրավունք եմ դասավանդում Հագենի Համալսարանում,
7․ մարդու հիմնական իրավունքներ եմ դասավանդում Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտում (Գերմանիայի դաշնային սահմանադրությունում, Բեռլինի սահմանադրությունում, Մարդու իրավունքների եվր․ կոնվենցիայում և Եվրամիության Հիմնական իրավունքների խարտիայում ամրագրված հիմնական իրավունքները),
8․ բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ եմ (լույս ընծայված Հայաստանում և Գերմանիայում),
9․ երկու անգամ եղել եմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը G-20 երկրների գագաթաժողովի ժամանակ (Բոննում և Համբուրգում 2017 թ․),
10․ ՀՀ քաղաքացի եմ, 40 տարեկան։
Նախագահից դեռ պատասխան չեմ ստացել»։